ԵՄ-ում դեպի Թուրքիա գազամուղն աննպատակահարմար են համարում
Եվրամիությունում դեպի Թուրքիա ռուսական գազամուղի նախագիծն աննպատակահարմար են համարում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Ինչպես հայտարարել է էներգետիկ հարցերով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շևչովիչը, ԵՄ գազամատակարարման համար Ուկրաինան շրջանցող և Թուրքիայով անցնող նոր գազամուղի վերաբերյալ Մոսկվայի պլանները «չեն աշխատի»: Նման կարծիք Շևչովիչը հայտնել է Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ WSJ-ին տված հարցազրույցում:
Էներգետիկ հարցերով Եվրահանձնաժողովի փոխնախագահի խոսքով՝ խողովակաշարի հայտարարված հզորությունը՝ տարեկան 63 մլրդ խորանարդ մետր բնական գազ, գերազանցում է պոտենցիալ հաճախորդների պահանջարկը, այդ թվում՝ Թուրքիայից և Հարավարևելյան Եվրոպայից: «Առաջին գնահատմամբ՝ այն չի աշխատի»,- ասել է Շևչովիչը:
Ավելի վաղ Շևչովիչը հայտարարել էր, որ Եվրոպան զարմացած է Ռուսաստանի որոշումից:










