Քաջարանում հեպատիտ C-ով վարակվել են սանիտարական նորմերի խախտման պատճառով. փոխնախարար

13:48 • 23.01.15

Քրեական գործ է  հարուցված, և բոլոր նյութերը, որոնք ունենք, տրամադրելու ենք քննչական կոմիտեին, որպեսզի քրեական գործի շրջանակներում պարզվեն բոլոր խնդիրները. այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնեց Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը՝ անդրադառնալով Քաջարանում ութ քաղաքացիների մոտ վիրահատությունից հետո հայտնաբերված հեպատիտ C-ին:


«Հիվանդանոցների պայմանագրերում խստացումներ են լինելու»,-վստահեցրեց նա:

«Հիվանդանոցներում վարակի կանխարգելման խնդիրը Առողջապահության նախարարության քաղաքականության բաղադրիչներից մեկն է»,-ասաց նա և նշեց, որ նախարարը միշտ ուշադրություն է  դարձրել բուժօգնության որակին, ինֆեկցիաների կանխարգելման  խնդրին: 


Նա նշեց, որ բազմաթիվ նորմատիվային ակտեր են գործում, որոնք ներդրված են Հայաստանի բոլոր բուժհիմնարկներում, իսկ Առողջապահության նախարարությունը պարբերաբար իրականացնում է վերահսկողություն:


Փոխնախարարը վստահեցրեց, որ Քաջարանի բժշկական կենտրոնը վերանորոգված է, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված է, և բոլոր չափորոշիչները ներդրված են, որոնք պետք է իրականացվեն հարյուր տոկոսով, և համապատասխան մարդիկ, ովքեր մեղավոր են, կպատժվեն:

Նա նշեց, որ անձամբ է մեկնել Քաջարան՝ պարզելու իրավիճակը և նախարարի հրահանգներով և ցուցումներով մի շարք միջոցառումներ են իրականցվել:

«Ստեղծվել է համապատասխան հանձնաժողով՝ բոլոր հանգամանքները ուսումնասիրելու համար, վարչական վարույթ է հարուցվել, որպեսզի պարզենք ինֆեկցիայի առաջացումը, և մենք բազմաթիվ ուղղություններով ուսումնասիրություններ ենք իրականացնում»,-ասաց նա և նշեց, որ սանիտարական նորմերի և վարակազերծման որոշակի խախտումներ են եղել տարբեր ստորաբաժանումներում, ինչի  ուղղությամբ տարվում են համալիր աշխատանքներ: