Ճապոնիան անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ԻՊ-ի կողմից պատանդների առևանգման առիթով

13:58 • 23.01.15

Ճապոնիան անվտանգության ազգային խորհրդի նիստ է հրավիրել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից երկրի երկու քաղաքացիների առևանգման առիթով, մինչդեռ փրկագինը վճարելու իսլամիստների նշանակած ժամկետի ավարտին մնում է շատ քիչ ժամանակ: Այդ մասին հունվարի 23-ին հայտնել են ճապոնական կառավարության ներկայացուցիչները, հաղորդում է ТАСС-ը:

 

Խորհրդի նիստը տեղի է ունենում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ Տոկիոյում գտնվող նստավայրում: Դրան, վարչապետից բացի, նաև մասնակցում է փոխվարչապետ Տարո Ասոն և արտգործնախարար Ֆումիո Կիսիդան, ինչպես նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:

 

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Կիսիդան լրագրողներին հայտնել է, որ Տոկիոն բանակցություններ է վարում պատանդների ճակատագրի վերաբերյալ տարբեր ալիքներով, սակայն հրաժարվել է բացահայտել բովանդակությունը:

 

Ավելի վաղ Հորդանանում գտնվող Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Յասուհիդե Նակայաման հայտարարել էր, որ Ճապոնիան հույս ունի պայմանավորվել ծայրահեղականների հետ:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները պահանջել են 72 ժամվա ընթացքում իրենց տրամադրել 200 միլիոն դոլար։