Սերգո Կարապետյանը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» ընկերության հետ
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» բաժնետիրական ընկերության փոխնախագահ Անտոնիո Լուկեն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի վերահաստատել երկկողմ համագործակցություն ծավալելու պատրաստակամությունը և նախանշել գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք համատեղ ծրագրերի հիմնական ուղղությունները: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից:
«Մեզ համար չափազանց կարևոր է այս համագործակցությունը` հատկապես նկատի ունենալով գյուղատնտեսության ոլորտում իսպանական հարուստ փորձը»,- նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
«Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» ընկերության փոխնախագահն իր հերթին ընդգծել է, որ ագրարային ոլորտում երկու երկրի միջև առկա են փոխգործակցության լայն հնարավորություններ ու համագործակցության մեծ ներուժ, և ընկերությունն իրապես շահագրգռված է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու և գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու գործում:
Անտոնիո Լուկեն տեղեկացրել է, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ընկերությունը նախատեսում է իրականացնել ծրագրեր ագրոբիզնեսի կազմակերպման, հակակարկտային և ոռոգման համակարգերի կատարելագործման, ինչպես նաև՝ ջերմոցային տնտեսությունների զարգացման ուղղությամբ:










