Դուք Ձեզ այնպես եք պահում, կարծես կույր եք, խուլ եք. Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպանը՝ դատավորին

16:58 • 23.01.15

Այն ամենը, ինչ կատարվում է այստեղ, ամեն ինչ է, բացի դատավարությունից. սոսկալի է: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հանդես գալով պաշտպանական ճառով այսպիսի հայտարարություն արեց ամբաստանյալի ֆրանսիացի պաշտպան Մարի Դոզեն:


Ըստ նրա՝  քանի դեռ արդարադատությունը ներկայացման նման մի բան է դառնում, այն նույնիսկ իր անվանմանը չի ծառայում։ «Կարծես ռիալիթի շոուի հետևելիս լինես»,- ասաց պաշտպանը:


«Մեղադրական ճառը լիովին դատարկ է, այն ավելի շատ ուղղված է իմ գործընկերոջը՝ Նիկոլայ Բաղդասարյանին, քան Վարդան Պետրոսյանին: Այսինքն՝ Վարդան Պետրոսյանին մեղադրում են նրանում, որ նա պաշտպանվում է: Դուք ոչ մի հարցի չպատասխանեցիք, Դուք Ձեզ այնպես եք պահում, կարծես կույր եք, խուլ եք, չեք պատասխանում հեռախոսի, արագության հետ կապված հարցերին, չեք պատասխանում Վարդանի հայտարարություններին: Դուք ոչ մի բանի չեք պատասխանում: Միակ բանը, որ Ձեր մտքում մնացել է այս գործի քննությունից՝ փաստաբանի պահվածքն է»,- դիմելով դատարանին, ասաց Մարի Դոզեն:


Նա ասաց, թե զարհուրած է այդ դատական ավերածությունների դաշտից: Ըստ նրա՝ դատական հասունություն է պետք հետքայլ կատարելու համար դեպի դատաքննությունը:


Շարունակելով իր խոսքը, ֆրանսիացի պաշտպանն ասաց, թե Հայաստանում որևէ քաղաքացու չի հանդիպել, որ վստահի այս երկրի արդարադատությանը, այն դեպքում, երբ բոլոր օրենքները կան:


«Ես զգում եմ, որ խորապես մի անարդար բան է կատարվում այստեղ: Մարդ կարող է պատասխանատու լինել ՝ առանց մեղավոր լինելու»,- հայտարարեց պաշտպանը՝ շարունակվելով. «Պետք է պատասխան տալ գոնե, թե ինչու 6 տարի 6 ամիս է պահանջվում Վարդան Պետրոսյանին ազատազրկելու համար, այլապես դա նման է վիճակահանության, քանի որ հիմնավորված չէ: Հարգելի դատարան, Վարդան Պետրոսյանին Ձեզ եմ հանձնում, Ձեզ եմ հանձնում այն բոլոր ձախողումներով, որ ունեցել է Հայաստանի արդարադատության համակարգը»: