Մեղադրողն առաջարկեց Շանթի գործով դատապարտվածների վճիռը թողնել անփոփոխ

14:57 • 23.01.15

Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա ընկերների Առաջին ատյանի դատարանում կայացրած վճռի բողոքի քննությանը մեղադրող Գևորգ Գևորգյանը դիմելով դատարանին՝ առաջարկեց բողոքը մերժել և ուժի մեջ թողնել արդեն կայացված վճիռը:


Դատարանը կողմերին հարցրեց, թե արդյոք կողմերը չունեն միջնորդություններ, սակայն երբ Շանթ Հարությունյանի պաշտպանը ցանկացավ միջնորդություն ներկայացնել, դատարանը հորդորեց դա անել հաջորդ դատին, քանի որ այսօր Վերաքննիչ դատարանում պետք է տեղի ունենար դատավորների ժողով, ինչին պետք է ներկա գտնվեր նաև ինքը:


Այսպիսով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 30-ին՝ ժամը 15-ին: Հաջորդ դատական նիստին նախատեսվում է, որ կհրապարակվի Վերաքննիչ դատարանի վճիռը:


Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դատարանի կողմից դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, իսկ նրա անչափահաս որդին ՝ 15-ամյա Շահեն Հարությունյանը, 4 տարի պայմանական ազատազրկման։ Մյուս ամբաստանյալները դատապարտվել են 1-ից մինչև 7 տարվա ազատազրկման:


Հիշեցնենք նաև, որ մեկ տարի առաջ՝ 2013թ-ի նոյեմբերի 5-ին, Շանթ Հարությունյանը մի խումբ քաղաքացիների հետ փորձել էր Երևանի Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով մահակներով շարժվել դեպի նախագահական նստավայր, որպեսզի, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, պայթեցնի այն, սակայն բախում էր տեղի ունեցել ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև, ինչի հետևանքով մի շարք քաղաքացիներ ձերբակալվել էին: