Աշխարհի ամենավտանգավոր քաղաքներն՝ ըստ նոր վարկանիշի

22:07 • 23.01.15

Business Insider-ը հրապարակել է աշխարհի 50 ամենավտանգավոր քաղաքների ցուցակը:

 

Այս նոր վարկանշային աղյուսակը կազմում է Մեքսիկայի քաղաքացիների Հանրային անվտանգության և արդարադատության խորհուրդը:

 

Վտանգավոր քաղաքների մեջ գերակշիռ թիվ են կազմում Լատինական Ամերիկայի քաղաքները. հենց դրանցում է տեղի ունենում աշխարհի մարդասպանությունների երկու երրորդը, չնայած մյուս կողմից՝ այս տարածաշրջանում է բնակվում աշխարհի բնակչության 8%-ը:

 

Ամենավտանգավոր քաղաքների ընտրության հարցոմ վճռորոշ են եղել նաև թմրավաճառության, քաղաքական անկայունության, կոռուպցիայի, չքավորության, ավազակախմբային պատերազմների ցուցանիշները: Նկատի են առնվել միայն 300,000-ից ավելի բնակչություն ունեցող քաղաքները:

 

Բուն ցուցակը ունի հետևյալ տեսքը. առաջին տասնյակում են Սան Պեդրո Սուլան՝ Հոնդուրասում, Կարակասը՝ Վենեսուելայում, Ակապուլկոն՝ Մեքսիկայում, Ժոաու Պեսոան՝ Բրազիլիայում, Դիստրիտո Սենտրալը՝ Հոնդուրասում, Մակեիոն՝ Բրազիլիայում, Վալենսիան՝ Վենեսուելայում, Ֆորտալեզան՝ Բրազիլիայում,Կալին՝ Կոլումբիայում, Սաու Լուիշը՝ Բրազիլիայում:

 

Լատինական Ամերիկայի քաղաքների շարանը ընդհատում է Քեյփ Թաունը՝ 14-րդ հորիզոնականում: 19-րդը ամերիկյան Սենթ Լուիսն է, որը վերջերս ոստիկանների և ցուցարարների բախումների գոտի է դարձել:

 

Ամերիկյան քաղաքներից ցուցակում են Դեթրոյթը (22), Նոր Օռլեանը (28),  Բալթիմորը (40), ապա Քինգսթոնը՝ Ճամայկայում (26), Նելսոն Մանդելա Բեյը (35), Դուրբանը (38) ՝ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում:

 

Հիսնյակը եզրափակում են Տիխուանան, Մակապան, Կուկուտան, Տորեոնը, Մեդելինը, Կուերնավական՝  Լատինական Ամերիկայում: