Քոչարի քանդակը պետք է զարդարեր մեր քաղաքի ամենաբանուկ զբոսատեղերից մեկը, մինչդեռ... Վ. Սարգսյան

15:23 • 23.01.15

Հայ մեծ նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի ստեղծագործությունը ներառում է կուբիզմի, սիմվոլիզմի, ֆուտուրիզմի, մետաֆիզիկական նկարչության, սյուրռեալիզմի, էքսպրեսիոնիզմի, նեոկլասիցիզմի տարրեր: Չնայած դրան, նա ստեղծում է պահի մեջ կոնկրետացվող, շարժման ու զգացմունքների դրամատիզմով, ներքին հզոր ուժով ու մոնումենտալ հնչողությամբ իր «Սասունցի Դավիթը», որն իրավամբ դարձել է Հայաստանի խորհրդանիշը: Ֆեյսբուքի իր էջում գրել է «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը։


Նա ստեղծեց և ամբողջ աշխարհին տվեց «Նկարչություն տարածության մեջ» նոր տեսակի մի նկարչաքանդակագործություն:


Երվանդ Քոչարը ևս այն մեծերից է, որոնք ճանապարհ են բացում ամբողջ մարդկության համար, ինքնաճանաչման, սիրո և ճշմարտության ճանապարհ, հավիտենական ինքնափնտրտումի մեջ դառնում հանգրվան:


1976 թվականին Մերգելյան ինստիտուտի բակում բացվեց մեծանուն վարպետ Երվանդ Քոչարի արձաններից մեկը, որքան հիշում եմ՝ «Կիբեռնետիկա» էր քանդակի անունը: Արձանի բացմանը ներկա էր Վարպետը: Արձանը սյուրռեալիստական ոճի է. կիսապառկած կին է, որի ներսում քաղաքներ են, կրունկի տակ մի բանալի: Երբ հանդիպումը մոտեցավ ավարտին, սկսեցինք հարցեր տալ քանդակագործին: Ես էլ համարձակվեցի ու ասացի, թե կիբեռնետիկայի արձան է, բայց կարծեք թե անորոշ ու անհասկանալի բաներ կան:


- Տղա՜ ջան, թե կարծում ես կիբեռնետիկան շատ որոշակի է ու հասկանալի, սխալվում ես,- պատասխանեց մեծ քանդակագործը:


Այսօր էլ այս հոյակերտ քանդակը գտնվում է աչքից հեռու` Մերգելյան ինստիտուտի բակում: Ոչ մի ցուցանակ չունի, չի գրված, թե ինչ քանդակ է, ով է հեղինակը, երբ է տեղադրվել: Այնինչ այս քանդակը պետք է զարդարեր մեր քաղաքի ամենաբանուկ, ամենազանգվածային զբոսատեղերից մեկը: Ամեն մի երկրի խիստ կասկածելի արժեքներով զարդարել ենք Երևանի կենտրոնը, իսկ մեր հանճարի հզոր աշխատանքը աչքից հեռու ենք պահում:


Նկարում Երվանդ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» քանդակն է: