Մարզերի բժշկական կենտրոններում տեխնիկական հագեցվածության խնդիր չկա. Ա. Վանյան
Մարզերի բժշկական կենտրոնների վիճակի մասին ուսումնասիրության արդյունքները պատրաստ կլինեն 20 օրից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
Անդրադառնալով մարզերի բժշկական կենտրոնների տեխնիկական հագեցվածությանը` նա նշեց. «Տեխնիկական հագեցվածության խնդիր, կարծում եմ, որ այսօր մարզերում չկա, պարզապես պետք է ռեժիմային աշխատանք իրականացնել: Հատկապես մարզերը նոր հիվանդանոցներով հագեցվել են և այսօր այնտեղ այնպիսի հիվանդանոցներ կան, որ Երևան քաղաքում անգամ մենք չունենք»:
Արտավազդ Վանյանը նշեց, որ չնայած դրան` մարզերում կա մասնագետների պակաս, հոսպիտալային համաճարակաբանների խնդիր:
«Ուսումնասիրության նպատակն այն չէ, որ հայտնաբերենք մարդկանց ու պատժենք, սա ուսումնասիրություն է, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ խնդիրների հետ գործ ունենք, և ոչ թե ստուգում է»,- ասաց նա և նշեց, որ հնարավոր է մասնագետի իրազեկվածության պակաս լինի, և պետք է կրթել, բացատրել աշխատողներին:
Արտավազդ Վանյանն ասաց, որ բոլոր նման հարցերը կամփոփվեն և կներկայացվեն նախարարին` հստակ իր միջոցառումների ցանկով: Նա օրինակ բերեց, որ նման աշխատանք իրականացրել են նաև մանկապարտեզների մասով:










