Միասնական հայությունն անպարտելի է. Վահան Շիրխանյան

14:24 • 24.01.15

ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմաններն ապահովագրելու պատասխանատուն է, ոչ թե Ղարաբաղի: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Վահան Շիրխանյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքին: 


Վահան Շիրխանյանն ասաց, որ Ռուսաստանը  ռազմատեխնիկական, ռազմաուսումնական հսկայական օգնություն է  ցույց տալիս հայկական բանակին: Նա նշեց, որ Ռուսաստանը քննադատում է Ադրբեջանի գործողությունները և ասում,  որ միայն քաղաքական ճանապարհով պետք է կոնֆլիկտը լուծվի, սակայն  արտաքին քաղաքականությունն ունի իր կանոնները, և մենք չենք կարող մեր կանոնները թելադրել գերտերություններին:


«Ռուս սահմանապահներն իրենց վրա դրված պարտականությունը կատարում են և հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են` համաձայն  նախօրոք հաստատված պայմանագրերին»,- ասաց նա:


Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը հայտնեց, որ որպեսզի ՀԱՊԿ-ը միջամտի,  Հայաստանը պետք է դիմի ՀԱՊԿ-ին, իսկ  թե ինչու Հայաստանը չի դիմում, պետք է այդ հարցն ուղղել մեր իշխանություններին: «Մենք տեղյակ չենք, թե այդ զոհերը ինչ պայմաններում են եղել»,- ասաց նա:


Վահան Շիրխանյանն ասաց, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, և Հայաստանը ոչ թե պետք է դիմի  ՀԱՊԿ-ին` Ադրբեջանին սանձելու համար, այլ Հայաստանն արդեն դիմել է ԵԱՀԿ-ին` բոլոր դեպքերի ուսումնասիրության համար:  Ըստ նրա՝ Հայաստանն ունի բավարար ուժ և կարողություն պահելու իր անվտանգությունը:


«Պատերազմն ավարտված չէ, քանի որ քաղաքական համաձայնագիր կնքված չէ: Ադրբեջանին հրահրում է Թուրքիան, որովհետև հարյուրերորդ տարելիցը մեծ գլխացավանք է Թուրքիայի համար, և նրանք ամեն կերպ փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը»,- ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը քաղաքական նպատակ ունի:


Վահան Շիրխանյանն ասաց, որ չպետք է մոռանալ, որ Հայաստանը գտնվում է ինֆորմացիոն պատերազմի դաշտում, ունի լուրջ թշնամիներ, որոնք աշխատում են ամեն ինչ անել, որպեսզի թուլացնեն Հայաստանի ռազմական ուժը, դաշնակցային հարաբերություները:


«Հրադադարի պայմանների խախտումը պատերազմական գործողություններ չի կարելի համարել, որովհետև պատերազմը մասշտաբային առումով ուրիշ է»,- ասաց նա և նշեց, որ դիվերսիոն գործողություններն են ավելացել և կշարունակվեն:


«Մեր ամենամեծ խնդիրը եղել է միասնական լինելը, միասնական հայությունն անպարտելի է»,- ասաց նա և հավելեց, որ ինքը վստահում է Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանին և կարծում է, նա որ ճիշտ որոշումներ է կայացրել: