Չինաստանի կառավարությունը պատժել է առողջական խնդիրներ ունեցող 39 երեխայի որդեգրած կնոջը
Բարությունը միշտ չի վարձատրվում, ինչն ապացուցում են չինացի պաշտոնյաները, ովքեր 65-ամյա կնոջը պատժել են մտավոր ու ֆիզիկական արատներ ունեցող լքված երեխաներին տուն տանելու համար:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը` Չինաստանի Շանսի նահանգի գյուղական համայնքի բնակչուհի Կոնգ Ժենիանը ֆիզիկական և մտավոր հետամնաց երեխաների խնամքով զբաղվում է վերջին 40 տարվա ընթացքում:
Կնոջ խոսքով` առաջին երեխային նա գտել է փողոցում: «Նրան պարզապես թողել էին այնտեղ և ես այնպես խղճացի նրան, որ որոշեցի մի բան անել», - ասել է կինը, ով երեխային իր տուն էր տարել սկսել խնամել:
Այժմ նա 39 երեխա է մեծացնում, որոնք բոլորն էլ առողջական խնդիրներ ունեն: Սակայն նրանցից ոմանք կնոջ հոգատարության շնորհիվ սովորել են համալսարանում և լավ աշխատանք գտել: Ամենամեծը 27 տարեկան է և անկախ է ապրում, իսկ ամենափոքրը մեկ ամսական է:
Թվում է, թե պետությունը որևէ աջակցություն կամ պարգևավճար պետք է տար կնոջը, սակայն տեղի իշխանությունները մեղադրել են չինուհուն՝ որդեգրման մասին օրենքը խախտելու համար, որով առավելագույնը 3 երեխայի է թույլատրվում որդեգրել մեկ ընտանիքում:
Որպես պատիժ պատկան մարմինները առգրավել են նրան և ամուսնուն պատկանող 8000 քառ. մետր հողատարածքը և զրկել են ֆինանսական օգնությունից:












