Ռուսաստանն արգելափակել է Մարիուպոլի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ–ի հայտարարությունը
Ռուսաստանն արգելափակել է Մարիուպոլի հրթիռային գնդակոծությունը դատապարտող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարությունը, որը կոչ էր անում պահպանել սեպտեմբերին կնքված հրադադարի մասին համաձայնությունը։
Այն նաև կոչ էր անում անցկացնել հրթիռային գնդակոծության հետաքննություն, որի հետևանքով զոհվել է 30 մարդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԵԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ գնդակոծությունն իրականացվել է Դոնեցկի շրջանում զինված անջատողականների զբաղեցրած դիրքերից:
Ինչպես նշվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ, հետազոտությունը ցույց է տվել, որ «Գրադ» («Град») հրթիռները եկել են հյուսիս-արևելյան ուղղությունից՝ Օկտյաբր գյուղի կողմից, իսկ «Ուրագան» («Ураган») հրթիռները՝ արևելյան ուղղությունից՝ Զաիչենկո գյուղի կողմից:
Երկու բնակավայրերը գտնվում են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հսկողության տակ:
ՄԱԿ-ում Ռուսաստանի առաքելությունը հայտարարել է, որ փաստաթուղթն արգելափակվել է ռուս դիվանագետների կողմից, քանի որ այն դատապարտում էր միայն անջատողականների ուժերի գործողությունները և չէր հիշատակում Ուկրաինայի կառավարությանը:










