Թուրքագետն առաջարկում է մեծ հնչեղությամբ նշել նաև Վանի հերոսմարտի 100-ամյակը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ոչ միայն ներկայացնել Ցեղասպանութան անցքերը, այլև մեկ քայլ առաջ գնալ և զոհի ու տուժածի կերպարին զուգահեռ ներկայացնել նաև հայի պայքարող տեսակը: Թուրքագետ Արտակ Շաքարյանը կարևորում է, որ մեծ հնչեղություն ստանա ոչ միայն ապրիլի 24-ը, այլև մայիսի 3-ը` Վանի հերոսամարտը:
«Մենք պետք է կարողանանք ազատվել զոհի բարդույթից, այն տեսակի բարդույթից, որ առանց դիմադրության հանձնել է իր երկիրը: Այս պահին, երբ մենք կարևորագույն անցում ենք կատարում Հայոց ցեղասպանության հարցում` ճանաչումից դեպի պահանջում, շատ կարևոր է, որ զոհի կերպարից էլ անցնենք դիմադրություն ցույց տված ազգի կերպարին: Հետևաբար, շատ կարևոր է, որ մեծ հնչեղություն ստանա նաև մայիսի 3-ը` որպես Վանի հերոսամարտի օր, օր, որ մեր պատմության կարևորագույն էջերից է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 26-ին կայացած հանդիպմանն ասել է Արտակ Շաքարյանը։
Թուրքագետը հավելել է, որ թյուր են այն կարծիքները, թե հերոսամարտը ներկայացնելով կարող ենք վնասել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա օրինակ է բերում Հոլոքոստը` շեշտելով, որ հրեաները Վարշավայում լուրջ ապստամբություն են բարձրացրել, դրա մասին խոսվել է, և փաստը որևէ կերպ չի անդրադարձել միջազգային հանրության կողմից հրեաների ցեղասպանության դատապարտմանը:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության տարելիցին, ապա նրա խոսքով՝ Հայաստանին զուգահեռ Թուրքիան էլ է նախապատրաստվում Հայոց ցեղասպանության տարելիցին, և թուրքագետին չի զարմացնում Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակը ապրիլի 24-ին նշելու Էրդողանի որոշումը: Նման որոշում Թուրքիան կայացրել էր դեռևս 2013 թվականին` նպատակ հետապնդելով այդ կերպ լռեցնել Հայոց ցեղասպանության առնչությամբ միջազգային արձագանքը:
«Էրդողանի հրավերը 102 երկրների նախագահներին, Գալիպոլիի ճակատամարտի մասին Ռասել Քրոուի խեղաթյուրված ֆիլմը ԱՄՆ-ում ապրիլի 24-ին էկրան բարձրացնելը մեկ նպատակ ունեն` լռեցնել ապրիլի 24-ը: Սակայն ես հույս ունեմ, որ Հայոց ցեղասպանության տարելիցը միայն մեկ օր չի ոգեկոչվի»,- ասաց Շաքարյանը` հավելելով, որ այս տարի ապրիլի 23-ին Էրդողանը կրկին հանդես կգա հայ ժողովրդին ուղղված իր ցավակցությամբ և կրկին մեջ կբերի ընդհանուր ցավի մասին իր թեզը:
«Թուրքիայում Էրդողանի պատվերով սոցիոլոգիական հարցում էր անցկացվել` պարզելու հասարակության վերաբերմունքն իր ցավակցությանը ուղղված հայերին: Հարցվածների մեծ մասը շեշտել էին, որ հայերին պետք է ցավակցել` առանց ցեղասպանություն բառն արտաբերելու: Հետևաբար, Էրդողանը կանի այնպես, ինչպես ցանկանում է ժողովրդի մեծամասնությունը: Դա պայմանավորված է նաև նրանով, որ Էրդողանին անհրաժեշտ է հասարակության աջակցությունը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու համար: Հետևաբար, Թուրքիայի դիրքորոշման արտահայտություներում և գործողություններում որևէ փոփոխություն այդպես էլ չի արձանագրվի»,- ասաց Շաքարյանը:










