Ասադը պատրաստ է աջակցել Հալեպում «սառեցված գոտու» ստեղծմանը
Սիրիայի իշխանությունները պատրաստ են աջակցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի գաղափարին՝ Հալեպում «սառեցված գոտի» ստեղծելու վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի հումանիտար օգնություն հասցնել այդ շրջան, հայտարարել է երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք իրականացրել ենք դա («սառեցման գոտու» ստեղծման շուրջ համաձայնեցում) նախքան Դե Միստուրայի՝ այդ առաքելությանը նշանակվելը։ Մենք իրականացրել ենք դա այլ քաղաքում՝ Հոմսում, մենք իրականացրել ենք դա փոքր տարածքներում։ Գաղափարը լավն է, սակայն այն կախված է դետալներից։ Միստուրան Սիրիա է ժամանել գաղափարի կարճ նկարագրությամբ։ Մենք համաձայնության ենք եկել որոշակի կետերի շուրջ, և այժմ նրանից սպասում ենք ավելի մանրակրկիտ պլան կամ ժամկետներ։ Այդ հարցը մենք քննարկում ենք նրա տեղակալի հետ»,- ասել է Ասադը։
Այն հարցին, թե արդյոք սիրիական իշխանությունները որպես նախապայման կպահանջեն զինաթափել ընդդիմությանը, Ասադը որոշակի պատասխան չի տվել։ «Մենք տարբեր սցենարներ ենք քննարկում և համաձայնեցման տարբեր միջոցներ»,- նշել է նախագահը։










