Այն օրը, երբ լքեմ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը, կգնամ ռադիո աշխատելու. Բլատեր
Ֆուտբոլի ֆեդերացիաների միության (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլատերը պաշտոնից հեռանալուց հետո պատրաստ է աշխատել ռադիոյում, գրում է ТАСС-ը: Այդ մասին նա հայտնել է CNN հեռուստաալիքին:
«Այն օրը, երբ ես լքեմ նախագահի պաշտոնը, առաջին հերթին կգնամ ռադիո աշխատելու: Համարում եմ, որ այն ավելի շատ ժողովրդականություն է վայելում, քան հեռուստատեսությունը: Ես մի անգամ ասել եմ՝ դա իմ երազանքն է եղել՝ դառնալ ռադիոյի թղթակից: Ես կարծում եմ, որ ինձ մոտ վատ չի ստացվի»,- ասել է Բլատերը:
Նա նաև հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին իր թեկնածությունը սատարում են ազգային ֆեդերացիաները: «Ես գնում եմ ընտրությունների, քանի որ համոզված եմ, որ իմ առաքելությունը դեռ ավարտված չէ: Ազգային ֆեդերացիաները խնդրել են ինձ առաջադրել իմ թեկնածությունը: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ինձանից, ես նրանց խորհուրդ եմ տալիս գնալ և առաջադրվել ընտրություններին»,- ասել է Բլատերը:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2015 թվականի մայիսին:










