ՀՀԿ-ն ծանոթ չէ Զ. Փոստանջյանի՝ Գյումրիի մասին ԱԺ հայտարարության նախագիծը

20:39 • 26.01.15

ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը ո´չ միայն չի քննարկել, այլև՝ ծանոթ չէ Զարուհի Փոստանջյանի՝  «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագծին:

 

Այս մասին  Tert.am –ի հետ զրույցում  հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար  Վահրամ Բաղդասարյանը՝ ավելացնելով.«Ուրեմն ՝ ողջ հայ ժողովուրդն է պահանջում, որպեսզի լինի արդար նախաքննություն, դատավարություն, և  դուք՝ լրագրողներդ,  իրեն խորհուրդ տվեք, որ ընդհանրապես ձեռնպահ մնա նման մեկնաբանություններից՝ նման իրավիճակում: Քննությունը գնում է  շատ նորմալ, և՛ հայկական, և՛ ռուսական կողմերը շահագրգռված են, որ  իրականությունը բացահայտվի»:

 

Հիշեցնենք, որ  ՀՀ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի՝ «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը, որում բավականին կոշտ շեշտադրումներ կան: Մասնավորապես՝ նշվում է, որ  Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ կառավարման ղեկավար մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը խախտող անձի փոխանցումը 102-րդ ռազմաբազայի ղեկավարությանը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական  և Քրեական դատավարության օրենսգրքերի  և «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի կարգավիճակի  և դրանց գործունեության պայմանների մասին» (30 սեպտեմբերի, 1992թ.)  և «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի մասին» (16 մարտի 1995 թ.) Հայաստանի Հանրապետության  և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը:

 

 

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նույնպես ասաց, որ  ծանոթ չէ նախագծին, ու ավելացրեց, որ քննարկման համար դեռ բավական ժամանակ կա: