Հունան Պողոսյանը պնդում է, որ ոստիկանության գերխնդիրը Պերմյակովին վնասազերծելն էր
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը պնդում է, որ թյուր կարծիք է ստեղծվել, որ ոստիկանության ոչ արդյունավետ քայլերի արդյունքով է Գյումրիում ընտանիքի 7 անդամների սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հայտնվել ռուս իրավապահների ձեռքում:
«Թյուր կարծիք է ստեղծվել, որ որևէ գերատեսչություն, այդ թվում՝ նաև ոստիկանությունը, լավ չի աշխատել։ Ընդհակառակը՝ համագործակցված աշխատել են բոլոր իրավապահ կառույցները՝ ԱԱԾ, դատախազություն, Քննչական կոմիտե... Պետք է համադրել արդյունքները, նախաքննությանը կլինեն բոլոր տվյալները, և դրանից հետո պետք է կկատարենք եզրահանգումներ»,-ասաց նա:
Ըստ նրա, դեպքից անմիջապես հետո, ոստիկանությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել և անխտիր բոլոր ահազանգերի հետքերով գնացել, ստուգել է:
«Նախաքննության ձեռք բերված տվյալների համադրության պարագայում, եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, ով մեղավոր է այդ հարցում, հստակորեն կպատժվի, բայց ոստիկանությունը մանրակրկիտ ուսումնասիրել է ողջ տարածքը»,-ասաց նա։
Լրագրողները պնդեցին, նույնիսկ Գագիկ Շամշյանը անուն հնչեցրեց, թե տեղեկություն կա, որ ռուս զինծառայողին հայ սպա է վնասազերծել, Խաչատրյան ազգանունով, ով Պերմյակովին ռուսներին է հանձնել, Պողոսյանը նշեց, որ նախաքննությունը պատշաճ ժամկետներում դրա մասին կխոսի. «Մենք դրա մասին տեղեկություն չունենք, բայց եթե նույնիսկ հայ սահմանապահ է բռնել, մեր գերխնդիրն այդ պահին ոճրագործին վնասազերծելն էր»,-ասաց նա:
Իսկ թե ինչպես են Հայաստանի տարածքով Պերմյակովին հասցրել բազա, ոստիկանության պաշտոնյան նշեց, որ ոստիկանությունն ամբողջ ճանապարհին ստուգումներ էր իրականացնում: «Իրենք ձերբակալել են, ժամերի մասին չեմ ասի. մեզ անմիջապես տեղյակ պահելուց հետո իմ գլխավորությամբ մեկնել ենք զորամաս, ինձ հետ Քննչական կոմիտեի նախագահը։ Նա զորամասում է եղել, և նույնիսկ հնարավորություն ենք ունեցել նախնական զրուցել այդ ստահակի հետ»,-ասաց նա:
Իսկ թե չեն պահանջե՞լ ռուսական կողմից հանձնել կասկածյալին, Հունան Պողոսյանն ասաց. «Իհարկե պահանջել ենք, բայց դա իմ պահանջով բավարարվող հարց չէ։ Դուք բոլորդ էլ գիտեք, որ դա այլ իրավական հարթության մեջ է, միջպետական համաձայնագրերի շրջանակներում»։
Նա հավելեց, թե մերժման հարց չի եղել: «Դուք գիտեք, որ ՌԴ քննչական կոմիտեի նախագահն էր եկել՝ պարզելու մի շարք հանգամանքներ։ Ներկա գտնվող բոլորը ասում էին, որ ինչ-որ կատարվելու է, կատարվելու է Հայաստանում ձևավորված համապատասխան քննչական խմբի շրջանակներում: Այդ պահին որևէ մեկը կոնկրետ որևէ բան ասել չէր կարող»,-ասաց նա:
Իսկ թե սահմանը խախտելու համար քրգործ չպե՞տք է հարուցվեր, Հունան Պողոսյանը նշեց, որ պետք է պատկան մարմիններին հարցնել:
«Ըստ այս պահին ձեռք բերված նախաքննական տվյալների, եթե չեմ սխալվում, նա մինչև սահմանը խախտելն է ձերբակալվել, մոտեցել է արգելագոտուն, որից հետո ձերբակալվել է»,-ասաց նա՝ նշելով, որ պետք է դեռևս գնահատվի՝ դա ապօրինի փո՞րձ է, թե ոչ։










