Նյու Ջերսիի նահանգապետը կմասնակցի նախագահական մրցապայքարին. Wall Street Journal
ԱՄՆ-ի ազդեցիկ հանրապետական քաղաքական գործիչներից մեկը՝ Քրիս Քրիսթին, 2016 թվականի նախագահական մրցավազքին մասնակցելու համար միջոցների հավաքման նախապատրաստություն է իրականացնում, գրում է interfax.ru-ն:
Նյու Ջերսիի նահանգապետ Քրիսթին Քաղաքական գործողությունների հանձնաժողով է ձևավորել, որը զբաղվում է նախընտրական արշավի համար գումարների հավաքմամբ:
Wall Street Journal-ը նշում է, որ այդ նախաձեռնությունը պարզ ցույց է տալիս, որ Քրիսթին որոշել է պայքարել Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունքի համար, սակայն ինքն անձամբ նման մտադրության մասին պաշտոնապես դեռ չի հայտարարել:
Թերթի տվյալներով՝ միջոցներ հավաքելու ընթացքում նրա ամենավտանգավոր մրցակիցներն են Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը և 2012 թվականի ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին: Նրանք երկուսն էլ դիտարկում են մրցապայքարին մասնակցության հնարավորությունը:










