Ադրբեջանը լուրջ սպառնալիք է դարձել տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար. Հ. Նաղդալյանի ելույթը ԵԽ ԽՎ-ում

23:21 • 26.01.15

Հունվարի 26-ին մեկնարկել է ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում թեև Հայաստանին առնչվող հարցեր ընդգրկված չէին, սակայն մեր պատվիրակությունը, օգտվելով իրեն ընձեռված ելույթների հնարավորությունից, ևս մեկ անգամ փորձել է Եվրոպայի ուշադրությունը հրավիրել և այդ բարձր ամբիոնից հնչեցնել Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քաղաքականության, վերջինիս կողմից սահմանին ագրեսիա հրահրելու փորձերի շուրջ: ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար , ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, օգտվելով ընթացիկ զեկույցով հանդես գալու իր իրավունքից, բարձրաձայնել է, որ սահմանին տեղի ունեցող դեպքերի ողջ պատասխանատվությունն այսօր կրում են ադրբեջանական իշխանությունները: Զեկույցում, մասնավորապես, նշվում է.

 

«Հարգելի գործընկերներ,

 

       2014 թ-ի նոյեմբերին, ԵԽԽՎ Մշտական Կոմիտեն ընդունեց «Դատապարտված անձանց փոխանցման մասին» կոնվենցիայի չարաշահումը կանխարգելելու միջոցառումների մասին» բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից  Եվրոպայի խորհրդի` բանտարկյալների հանձման մասին պայմանագրի չարաշահումը` արդարացնելու համար Սաֆարովի անհապաղ ազատ արձակումը: Վեհաժողովը հիշեցրեց, որ միջազգային հարաբերություններում և օրենքի գերակայությամբ բարի կամքի սկզբունքը պահանջում է պայմանագրերի մեկնաբանում `իրենց առարկաների և նպատակների համապատասխան:     


   Մենք ողջունում ենք Վեհաժողովի  սկզբունքային դիրքորոշումը այս խնդրի շուրջ  և անդամների միասնությունը իրենց դիրքորոշման մեջ` կանխելու Կոնվենցիայի աղաղակող չարաշահումը հետագա այլ դեպքերում, ինչպես որ արվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ 2012-ին Սաֆարովի գործի առնչությամբ:


    Ադրբեջանական պատվիրակության բոլոր փորձերը` արդարացնելու  բարբարոսական հանցագործությունը , տապալվեցին, Ադրբեջանը փորձեց հրահրել հակահայկական ատելություն:  Սա շատ վտանգավոր քաղաքականություն է, որը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին` գլոբալ առումով` վաղը յուրաքանչյուրը կարող է դառնալ Ադրբեջանի թիրախը :


    Այդ պատճառով մենք բանեցնում ենք մաքսիմալ զգուշավորություն ` գործընկերների նախաձեռնություններին առնչվելիս, որոնք ուղղված են ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի  փխրուն խնդիրը:  Բոլոր պրովոկացիոն քննարկումներն այս զգայուն թեմայի շուրջ, ինչպես նաև, միջազգային կազմակերպության կողմից ներկայացված ցանկացած անհավասարակշիռ  փաստաթուղթ պարարտ հող է դառնում սահմանի անկայունության համար: Ադրբեջանն անում է առավելագույնը` սրելու իրավիճակը կոնֆլիկտի գոտում:


   Ադրբեջանական սադրանքները սահմանի վրա  հանգեցնում են բազմաթիվ մահերի` երկու կողմից էլ, որոնց պատասխանատվությունը ընկնում է բացառապես Ադրբեջանի ղեկավարության վրա:


   Վերջերս ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ուղղաթիռի խոցումը վարժական թռիչքի ընթացքում ,  որը խլեց երեք երիտասարդ զինծառայողի կյանք, Բաքվի հանցագործ սադրանքի ևս մեկ ապացույցն է: Ավելին` Ադրբեջանը կոպտորեն խախտեց միջազգային մարդասիրական իրավունքի նորմը` ուղղաթիռի խոցման տարածքը շարունակաբար պահելով ինտենսիվ կրակահերթի տակ` համարյա տասը օր անհնարին դարձնելով սպանված անձնակազմի մարմինների էվակուացումը:


   Արհամարհելով   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության կոչերը` ուժի չկիրառման, վստահության հաստատման միջոցառումների շուրջ, Բաքուն օր օրի խորացնում է ճեղքը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև:


    Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը դարձել է լուրջ սպառնալիք տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը:  


     Ես կցանկանայի կրկնել, որ մենք լիովին համաձայն ենք Մինսկի խմբի համանախագահների հետ, որ կոնֆլիկտը այլ կերպ, քան խաղաղ ճանապարհով, լուծվել չի կարող: Որքան արագ Ադրբեջանի ղեկավարությունը սա գիտակցի, այնքան ավելի բանակցային գործընթացը արդյունավետ կլինի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման ուղղությամբ»: