Կասկածներ են առաջանում Ադրբեջանի ղեկավարության ադեկվատության վերաբերյալ. ԱԳ նախարար
Հայաստանի դիրքորոշումը՝ կապված արցախյան հարցի հետ, համահունչ է Ռուսաստանի, համահունչ է Ֆրանսիայի և համահունչ է Միացյալ Նահանգների դիրքորոշումների հետ:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում արձագանքելով Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլերի հանդիպման արդյունքները խեղաթյուրելու փաստին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, թե ադրբեջանական քարոզչությանը յուրահատուկ է մի ոճ, որը հասկանալի է միայն իրենց:
«Ադրբեջանի ղեկավարությունը փակուղի է տարել իր երկիրը իր քաղաքականությամբ, և հիմա փորձում է այդ հիստերիկ պահվածքով դուրս գալ այդ վիճակից: Ադրբեջանը փորձում է շեղել այդ իրավիճակը և սրել իրավիճակը հակամարտության գոտում: Նրանք իրենց զինվորներին դիտում են որպես համակարգչային վիրտուալ զինվորիկների և օրական հարյուրավորների ուղղում են դեպի մահ»,-ասաց նախարարը։
«Բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է շարունակենք մեր գործողությունները: Հարցեր և կասկածներ են առաջանում Ադրբեջանի ղեկավարության ադեկվատության և իրավիճակը սթափ գնահատելու կարողության վերաբերյալ»,–հավելեց նա:










