Շինհրապարակները կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին. Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության Երևան քաղաքում իրականացվող կառուցապատման աշխատանքներում շինարարական հրապարակների կահավորումը քաղաքային միջավայրին ավելի համահունչ դարձնելու նպատակով անցկացված մասնագիտական քննարկումների արդյունքում առաջարկվել է Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ լրացուցիչ պայմաններ սահմանել՝ նախագծերում հստակ ներառելով մի շարք գործոններ: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մասնավորապես առաջարկվել է ներառել շինարարական հրապարակների պատնեշի չափերի և տեսքի, պատնեշից դուրս ժամանակավոր կառուցվող անցուղիների ու դրանց լուսավորության, ինչպես նաև վերամբարձ կռունկների և արդեն կառուցված հարկերի գիշերային լուսավորության ապահովման պայմանները:
Բացի այդ, նախատեսվում է շինարարական հրապարակից դուրս ճանապարհային լրացուցիչ նշանների տեղադրում, կառուցապատվող օբյեկտների երկաթբետոնե կմախքի կառուցմանը զուգահեռ փողոցներին անմիջապես հարակից հատվածներում արտաքին լրացուցիչ պաշտպանիչ շերտերի ստեղծում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուներին հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել և գործընթացը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում:
«Շինարարական հրապարակների կազմակերպման հարցում մենք պետք է որդեգրենք նոր աշխատաոճ: Խիստ հսկողություն է պետք սահմանել գործընթացի նկատմամբ և շինարարական կազմակերպություններից հետևողականորեն պահանջել պահպանել սահմանված չափորոշիչները: Այստեղ անելիքներ կան նաև շինարարական փաստաթղթերի տրամադրման ընթացքում: Կառուցապատողների հետ բացատրական և խորհրդատվական աշխատանքներ տարեք՝ հնարավորին սեղմ ժամկետում Երևան քաղաքում այս նոր մշակույթը ձևավորելու և տեսանելի արդյունք ունենալու համար»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:










