Շվեդիայի 6 քաղաքում Ցեղասպանությունը ճանաչելու կոչեր են հնչել
Շվեդիայի 6 քաղաքի հրապարակներում հունվարի 25-ին հազարավոր ասորիներ են հավաքվել՝ հիշեցնելով 1915թ.-ի հայերի, նաև ասորիների և Պոնտոսի հույների դեմ իրականացված ցեղասպանության մասին:
Ինչպես տեղեկացնում է Demokrat Haber թուրքական կայքը, հավաքվածները Թուրքիայի կառավարությունից պահանջել են ճանաչել Ցեղասպանությունը:
Միջոցառումներն անցկացվել են միաժամանակ: Դրանք ուղեկցվել են նաև երթերով:
Ցույցերի ու երթերի մասնակիցները «Թուրքիայի 100-ամյա ժխտումն ամոթալի է» պաստառներ են պարզել:
Նրանք կոչ են արել թուրքական պետությանը վերջ դնել ժխտողական քաղաքականությանը, առերեսվել անցյալին ու ճանաչել ցեղասպանությունը:
Հավաքվածները նշել են, որ ցեղասպանությունները դեռ շարունակվում են, քանի որ անցյալի ցեղասպանություններին առերեսում տեղի չի ունեցել: Հիշեցրել են, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն այսօր էլ շարունակում են ցեղասպանություն գործել ասորիների և այլ փոքրամասնությունների դեմ:










