Ուկրաինայում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել
Ուկրաինայի կառավարությունը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել երկրի անհանգիստ արևելյան շրջաններում՝ Դոնեցկում և Լուգանսկում: Այս մասին հայտնում է «Դոժդ» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Յացենյուկի հայտարարությունը:
Յացենյուկը, մասնավորապես, ասել էր, որ Ուկրաինայի Քաղաքացիական պաշտպանության օրենսգրքին համապատասխան՝ Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշում է կայացրել պետական մակարդակով արտակարգ դրության առկայություն ընդունել, իսկ Ուկրաինայի կառավարությունը որոշել է համախատասխան ռեժիմ սահմանել:
Յացենյուկն ասել է, որ դա արվել է նշված շրջաններում քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար:
Ուկրաինայի վարչապետը հայտնել է նաև կառավարության կողմից արտակարգ դրության հանձնաժողովի ստեղծման մասին, որը ինքն էլ գլխավորել է:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի նախարարների կաբինետը արտակարգ դրությանը արձագանքելու բարձրացված պատրաստության ռեժիմ է սահմանել ամբողջ Ուկրաինայի տարածքի համար:










