Օսվենցիմում կնշեն համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակը (լուսանկարներ)
Խորհրդային Կարմիր բանակի կողմից նացիստական «Աուշվից Բիրկենաու» տխրահռչակ համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակի կապակցությամբ տոնակատարություններ կանցկացվեն ճամբարի տեղում կառուցված թանգարանում:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, տոնակատարություններին կմասնակցեն հյուրեր աշխարհի 42 երկրից: Նրանց թվում են 12 նախագահ, 5 վարչապետ, խոշոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ճամբարի նախկին բանտարկյալներից մոտ 300 հոգի:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախկին ԽՍՀՄ երկրներից տոնակատարություններին մասնակցելու հրավեր են ստացել միայն Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Ուկրաինան:
Հայտնի է, որ 1942թ. ի վեր «Աուշվից Բիրկենաուն» դարձել է եվրոպացի հրեաների ոչնչացման ամենախոշոր վայրը: Ընդհանուր առմամբ, այնտեղի գազային խցիկներում սպանվել է առնվազն 1.1 մլն մարդ: 1945թ. հունվարի 27-ին Կարմիր բանակն ազատագրել է համակենտրոնացման ճամբարը։



















