Ֆիդել Կաստրոն մեկնաբանել է Կուբայի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորումը
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն նամակով դիմել է կուբացի ուսանողներին, որտեղ առաջին անգամ մեկնաբանել է ԱՄՆ-ի և Կուբայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ սկսված գործընթացը, գրում է «Взгляд»-ը:
Granma թերթի էջերին հրապարակված ուղերձում 88-ամյա Ֆիդելը խոստովանել է, որ նախկինի պես «չի վստահում ԱՄՆ-ի քաղաքականությանը»:
«Չեմ վստահում Միացյալ Նահանգների քաղաքականությանը և նրանց հետ ոչ մի բառ չեմ փոխանակել: Սակայն դա բոլորովին չի նշանակում ռազմական հակամարտությունների կամ վտանգների խաղաղ լուծումից հրաժարում»,- նշել է Կաստրոն: Այնուամենայնիվ նա նշել է, որ «խաղաղությունը պաշտպանելը յուրաքանչյուրի պարտքն է»:
«Մենք միշտ կսատարենք աշխարհի բոլոր ժողովուրդների միջև համագործակցությանը և բարեկամությանը և անգամ՝ մեր քաղաքական հակառակորդների հետ»,- ընդգծել է 88-ամյա քաղաքական գործիչը:
Նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին ԱՄՆ նախագահն առաջարկել է չեղարկել Կուբայի դեմ 1962-ին սահմանված էմբարգոն։










