Արժույթի միջազգային հիմնադրամը նշել է Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելու պայմանը
Արժույթի միջազգային հիմնադրամն Ուկրաինային ֆինանսական օգնություն կտրամադրի միայն երկրում իրավիճակի կայունացման պայմաններում: Այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում, գրում է lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ 2014 թվականի գարնանը ֆինանսական աջակցության մասին որոշում կայացնելիս հիմնադրամի փորձագետները ելել են նրանից, որ երկրի հարավ-արևելքում կոնֆլիկտը կավարտվի մինչև ձմեռ:
«Այժմ մենք աշխատում ենք այլ տարբերակների վրա, մասնավորապես՝ Ուկրաինային բարեփոխումներ իրականացնելու համար հատկացված ժամկետի չորս տարով երկարաձգում»,- հստակեցրել է Լագարդը:
Նա նշել է, որ ֆինանսավորման ծավալը «հավանաբար կլինի փոքր- ինչ ավելի, քան ենթադրվում էր», սակայն դա կախված կլինի ռազմաքաղաքական գործոններից: Լագարդն ընդգծել է, որ հիմնադրամի բոլոր քայլերը ենթադրում են Ուկրաինայում իրավիճակի կայունացում:










