Քաղաքական կամքի բացակայություն չկա, տեխնիկական հարցեր են. Նալբանդյանը՝ Իրանի հետ ծրագրերի գործարկման մասին

15:03 • 27.01.15

Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում այսօր հարց հնչեց, թե իրանական կողմը միշտ պատրաստակամություն է հայտնում երկաթուղու, ՀԷԿ-ի, գազամուղի կառուցման վերաբերյալ. արդյո՞ք ներդրումների, թե՞ քաղաքական կամքի բացակայությունն է, որ այդ ծրագրերը կյանքի չեն կոչվում:


«Հայաստանի և Իրանի միջև խնդիրներ չկան: Ավելի շուտ դրանք տեխնիկական հարցեր են, որոնք հնարավոր է լուծել»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ապա շարունակեց, թե ծրագրերը կյանքի կոչելու և՛ պատրաստակամություն կա, և՛ ցանկություն: Երկու կողմերի միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ, քննարկվել են բոլոր ծրագրերն ու հարցերը:


«Հուսով եմ, որ բոլոր ծրագրերը շուտով կյանքի կկոչվեն, առաջ կշարժվենք, որպեսզի ռեալ արդյունքներ տեսնենք»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը:


Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը համաձայնելով Նալբանդյանի հետ՝ հայտարարեց, որ ուղղակի որոշ տեխնիկական խնդիրներ են անհրաժեշտ հաղթահարել:


«Իրանական կողմը ներկայացրել է որոշակի տեխնիկական պարամետրեր, դրանց վերաբերյալ պատասխաններ ստանալուց հետո առաջընթացի հնարավորությունները բացվում են: Երկաթգծի հետ կապված եռակողմ շատ լավ քննարկում է եղել, լավ որոշում է կայացված: Մենք հույս ունենք, որ արագ առաջ կընթանա: Մնացած ոլորտներում՝ էներգետիկայի, գազի, էլեկտրաէներգիայի, Իրանում արդյունավետ բանակցություններ են ընթացել, համաձայնություններ են ձեռք բերվել, որոնք միգուցե արդյունք կտան»,- ասաց իրանցի նախարարը: