Վստահում ենք ԼՂ հարցով զբաղվող երկրներին. Ս. Օհանյանը՝ Ա. Մերկելի հայտարարության մասին

15:44 • 27.01.15

ՀՀ ղեկավարության կողմից բազմիցս նշվել է, որ ԼՂ հարցի լուծումը մենք տեսնում ենք Մինսկի խմբի շրջանակներում և վստահում ենք այն երկրներին, ովքեր և զբաղվում են ղարաբաղյան հարցով. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ի պատասխան այն հարցի, թե ինչպես է ՀՀ պաշտպանության նախարարությունը վերաբերում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը, ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։


Հիշեցնենք, որ կանցլերը հայտարարել էր, որ իր երկիրը  ձգտում է ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում միջնորդի դեր ստանձնել և գտնում է, որ Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական միությունը  կարող են այս ուղղությամբ նախաձեռնությամբ հանդես գալ, որոշակի ներդրում ունենալ հակամարտության կարգավորման հարցում:


«Ինչպիսի փոփոխություն տեղի կունենա, ովքեր կընդգրկվեն, կարծում եմ՝ դա մեր խնդիրը չէ: Իրենց գործողությունները, որքան էլ այս վերջին ժամանակահատվածում գտնվեն մեր՝ հատկապես հասարակության և ԶԼՄ-ների քննադատության տիրույթում, այնուամենայնիվ, երկար տարիներ նրանց գործողությունների շնորհիվ պատերազմ այսօր չկա: Հարաբերական հրադադարի պայմանները պահպանվում են, խոշոր մարտական գործողություններ չեն ծավալվում, և նաև բոլորի աշխատանքներն ուղղված են նրան, որպեսզի հարցը խաղաղ ու քաղաքական ճանապարհով լուծվի»,-նշեց նախարարը: