ԵԱՀԿ-ն պետք է հետաքննական մեխանիզմ ձևավորի և հստակեցնի, թե որ կողմն է խախտում հրադադարը. Ս. Օհանյան

14:15 • 27.01.15

Պետք է ձևավորվեն հետաքննական մեխանիզմներ, հստակեցվի, թե որ կողմն է խախտում հրադադարը և դատապարտվի այդ կողմը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անելիքներին՝ հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:


«Որպես ռազմական կառույցի ղեկավար՝ գտնում եմ, որ հետաքննական մեխանիզմների ձևավորումն է, որ պետք է հստակ որոշի, թե որ կողմն է խախտում, որպեսզի դատապարտում լինի այն կողմին, որը խախտում է արել»,–ասաց նա։ 


Ըստ նրա՝ երկխոսությունը հայկական կողմն առաջնային է համարում։ «Այդ պայմաններում, իհարկե, Մինսկի խմբի համանախագահները գործ ունեն կատարելու»,-ասաց նա:


Նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ բանակցային գործընթացում հաջողությունների նախապայմանը վստահության մեխանիզմների ձևավորումն է:


«Որն առաջին հերթին պետք է առաջին գծում արտահայտվի: Հրադադարի պայմանագրի կատարումն իր մեջ պարունակում է բոլոր տիպի կրակոցների դադարեցում, դիպուկահարներին հետ քաշել, զերծ մնալ դիվերսիոն հետախուզական գործողություններից, հրադադարի խախտման դեպքում հետաքննական մեխանիզմների ձևավորում … գտնում եմ, որ սա է իրական պայմանը, որ կարող է ստեղծել երկխոսության մթնոլորտ բանակցային գործընթացում հաջողությունների հասնելու համար»,-ասաց նա: