Հայոց ցեղասպանության հիշատակը շատ վառ է` ի պատասխան Թուրքիայի ժխտողականության. իսպանացի հոդվածագիր

00:19 • 27.01.15

Իսպանացի լրագրող Ռամոն Ռինկոն Բասելգան անդրադարձել է   Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` վերլուծելով աշխարհում տիրող իրավիճակն ու մոտեցումները:


«Այս տարի նշվում է թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցը: Միլիոնուկես հայ, ովքեր ապրում էին Թուրքիայի արևելքում, սպանվեցին անապատով երկար  երթի ժամանակ:
Հայերը քրիստոնյաներ են, ովքեր Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են, և Հայաստանն է եղել առաջին պետությունը, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն 301 թվականին:  


Շատ հետաքրքիր է, որ ներկայիս Թուրքիան` իսլամիստ Էրդողանի ղեկավարությամբ, ով ձգտում է իր երկրում տարածել շարիաթի օրենքը, մտադիր է անդամակցել Եվրամիությանը:  Եթե կա մի բան, որը կապում է ԵՄ-ի բոլոր անդամ երկրներին, դա քրիստոնեական կրոնն է: Այն նույն կրոնը և այն նույն Եվրոպան, որը դարեր շարունակ դիմակայել է Օսմանյան  կայսրության ագրեսիային՝ ինչպես ցամաքում, այնպես էլ՝ ծովում: Ցամաքում թուրքերը պարտություն են  կրել Վիեննայի մատույցներում, ծովում` Լեպանտոյի ճակատամարտում:


Հայոց ցեղասպանությունն առաջինն էր 20-րդ դարի սարսափելի կոտորածներից: Եթե առաջինը հայերն էին, ապա նրանց հաջորդեցին ռուսները, հրեաները...


Ինչ վերաբերում է այդ ամենը մոռանալուն…


Թուրքիայի իշխանությունները մշտապես ժխտել են ցեղասպանությունը, հավանաբար՝ այն պատճառով, որ ներկայիս Թուրքիայի հիմնադիրը` Քեմալ Աթաթուրքը, ինքը ակտիվ մասնակցություն է ունեցել դրանում: Այնտեղ անգամ օրենքով արգելվում է խոսել Ցեղասպանության մասին: Սակայն մեծաթիվ պատմաբաններ և արևմտյան երկրների մեծ մասը ճանաչում են Ցեղասպանության փաստը: Իսպանիան ներկա պահին դեռևս չի ճանաչել` ի տարբերություն Կատալոնիայի և Բասկերի երկրի:


Այս մոռացված Ցեղասպանությունից մեկ դար անց այն կարող է արտացոլել  կյանքի իրականությունը, որը մեզնից այնքան էլ հեռու չէ:  Էթնիկ և կրոնական զտումները, որն իրականացնում է «Իսլամական պետությունը» Իրաքում և Սիրիայում, քրիստոնյաների հետապնդումները իսլամական աշխարհում որոշ իմաստով հիշեցնում են, թե ինչ է տեղի ունեցել և ինչ կարող է տեղի ունենալ, եթե չարգելակի իսլամը:


Ապրիլի 24-ին ողջ աշխարհում, ինչպես նաև՝ Վատիկանում, կհիշատակվի Հայոց ցեղասպանությունը, որի հիշատակը շատ վառ է` ի պատասխան Թուրքիայի ժխտողականության»: