Մոսկվայում տաջիկ ակտիվիստ է անհետացել. իրավապաշտպաններ

15:27 • 27.01.15

Տաջիկստանի իրավապաշտպաններն անհանգստություն են հայտնել տաջիկ ընդդիմադիր ակտիվիստների զանգվածային հետապնդումների առնչությամբ: Կազմակերպության տվյալներով՝ վերջին երկու ամիսներին Ռուսաստանում և Տաջիկստանում ձերբակալվել է տասից ավելի տաջիկ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

«Մարդու իրավունքները Կենտրոնական Ասիայում» իրավապաշտպան ասոցիացիայի տվյալներով՝ հունվարի 20-ին Մոսկվայում անհետացել է «Տաջիկստանի երիտասարդությունը հանուն երկրի վերածննդի» ռուսական հասարակական երիտասարդական կազմակերպության առաջնորդ Մակսուդ Իբրահիմովը:

 

Իրավապաշտպանները վախենում են, որ Իբրահիմովը, ով նաև Տաջիկստանում արգելված «Խումբ 24» ընդդիմադիր շարժման ակտիվիստ է, կարող է հանձնված լինել տաջիկական կողմին ռուսական հատուկ ծառայությունների կողմից:

 

Հիմնականում տաջիկ ներգաղթյալներից կազմված երիտասարդական խմբի առաջնորդը հանդես էր գալիս երկրի իշխանությունների քննադատությամբ:

 

37-ամյա Իբրահիմովը ՌԴ քաղաքացի էր և վերջին տասը տարիներին ապրում էր Ռուսաստանի տարածքում, սակայն անցած տարվա վերջին նրան հայտնել են ռուսական քաղաքացիությունից զրկվելու մասին: Այդ ժամանակ Իբրահիմովի վրա են հարձակվել անհայտ անձինք և դանակի վեց հարված հասցրել: