«Իսլամական պետության» զինյալները պատանդներ են վերցրել Տրիպոլիի շքեղ հյուրանոցում. ԶԼՄ-ներ

17:09 • 27.01.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակում են գործել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող հյուրանոցի վրա, որը հայտնի է օտարերկրացիների շրջանում, հաղորդում է The Daily Mail-ը:

 

Անվտանգության ուժերը շրջապատել են Տրիպոլիում գտնվող Կորինտիա հյուրանոցը:

 

Զինյալները նախ պայթեցրել են հյուրանոցի մոտ կանգնեցված ավտոմեքենան՝ սպանելով երեք պահակի: Այնուհետև առնվազն երեք զինյալ ներխուժել է շքեղ հյուրանոց՝ կռվելով անվտանգության ուժերի հետ, որոնք փորձել են տարհանել հյուրերին:

 

«Անվտանգության ուժերը տարհանում են հյուրերին: Զինյալների և անվտանգության ուժերի միջև փոխհրաձգություն է եղել»,- ասել է Տրիպոլիի անվտանգության ուժերի խոսնակ Էսամ Նաասը:

 

Հաղորդվում է նաև հարձակման ընթացքում մի քանի վիրավորների մասին:

 

Նշվում է, որ հավանաբար զինյալները պատանդներ են վերցրել հյուրանոցի 23-րդ հարկում: