Թուրքիայում անօրինական գաղտնալսումների գործով 26 ոստիկան է ձերբակալվել

16:18 • 27.01.15

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է երկրի անվտանգության ծառայության 26 սպայի՝ անօրինական գաղտնալսումների գործի շրջանակում:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, հատուկ գործողությունը տեղի է ունեցել երկրի արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքում:

 

Սպաները ձերբակալվել են դատախազության հրահանգով: Նրանք բոլորն էլ աշխատել են ոստիկանական հետախուզությունում:

 

Հիշեցնենք, որ 2013թ.-ի դեկտեմբերին Թուրքիայում հակակոռուպցիոն աղմկահարույց գործողություն էր տեղի ունեցել, որի ընթացքում ձերբակալվել էին նախարարների որդիներ, հայտնի գործարարներ, գործիչներ:

 

Դրանից հետո երկրում ձերբակալությունների նոր ալիք սկսվեց՝ «պետության ներսում զուգահեռ պետություն» ստեղծելու կասկածանքով: Ձերբակալվածներին,  իբր, ֆինանսավորում է ԱՄՆ-ում բնակվող թուրք գործիչ Ֆեթհուլլա Գյուլենը, ով համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական հակառակորդը: