Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապը ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված պատարագ կմատուցի

22:02 • 27.01.15

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հիշեցրել է «Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի» ցավի մասին` Հոլոքոստի զոհերի հիշատակին և ճամբարի դռները բացելու 70-ամյակին նվիրված արարողության ժամանակ:


Ինչպես հաղորդում է  informador.com-ը` հոգևորականը Twitter-ի իր պաշտոնական էջի միջոցով, որին հետևում է 15 մլն մարդ, կոչ է արել միանալ խորհրդային զորքերի կողմից համակենտրոնացման  ճամբարի դռների բացմանը նվիրված արարողությանը:



«Օսվենցիմը ցավի ճիչ է այս մեծ տառապանքում, որը ապագայում հարգանքի, խաղաղության ու միասնականության կոչն է», - աղբյուրը մեջբերում է Ֆրանցիսկոս պապի խոսքը:

Աղբյուրի հաղորդմամբ` Վատիկանը պաշտոնապես հաստատել է նաև, որ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի բազիլիկում Հռոմի պապը պատարագ կմատուցի` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:


«Թուրքիայի կողմից ցեղասպանությունն իրականացվել է 1915-ի ապրիլի 24-ին, որը, սակայն, Թուրքիան չի ճանաչում և բազում տարիների ընթացքում բոյկոտել է պատմական իրողության ցանկացած ներկայացում: Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն քրիստոնյա հայ է զոհվել Աբդուլ Համիդ II-ի նախաձեռնած կոտորածների ժամանակ, որը ավարտին հասցրեց ժամանակակից Թուրքիայի հայր Քեմալ Աթաթուրքը», - գրում է աղբյուրը: