Եռանախագահները շատ լավ գիտեն, որ Ալիևն ընկել է ցայտնոտի մեջ. Արմեն Աշոտյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարությունը վերջապես մի փոքր տարբերվում էր, իհարկե այդ տարբերությունները նյուանսների մեջ էին և երևում են քաղաքական, գործիչների և լրագրողների համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով համանախագահների վերջին հայտարարությանը:
«Սակայն դարձյալ հստակ չի բանաձևվել այն իրողությունը, որն առկա է այսօր` ով է ագրեսորը, ով է ապակայունացնում տարածաշրջանը, ով է խոցելի դարձնում տարածաշրջանը, ով է խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն գործադրում, ով է դպրոցներ գնդակոծում»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ մենք սահմանամերձ դպրոցներ ունենք, որոնք պարբերաբար գնդակոծվում են այսօր, դասերը դժվարությամբ են ընթանում: «Ո՞վ են այդ ստահակները: Մի օր, երևի, այդ սահմանամերձ դպրոցի աշակերտների հետ միասին կփորձեմ գնալ այդ համանախագահների հետ հանդիպման և ասել, որ գուցե երեխաների կրթության իրավունքն ապահովեք, եթե չի ստացվում ավելի գլոբալ բան անել, եթե չեք կարում սանձել «նավթարբուրքի» մեջ գտնվող մարդուն, գուցե, բացառապես գոնե կրթության իրավունքով զբաղվեք, այդ երեխաները գնան դպրոց, նորմալ դասեր կազմակերպեք»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ մեր բանակը երբեք իրեն թույլ չի տվել և թույլ չի տա դպրոց գնդակոծել, խաղաղ բնակչության վրա զենք բարձրացնել: «Ես որպես կրթության նախարար եմ խոսում, որովհետև ես այդ խնդիրն ունեմ այս հունվարից, երբ ունենք 3-5 համայնքներ, որտեղ տարբեր օրերին դասերը լիարժեք չեն կայանում»,-ասաց նա և նշեց, որ դա նաև բարոյական հարց է:
Արմեն Աշոտյանը նշեց, որ ինքն էլի դժգոհ է Մինսկի խմբի համանախագահների` եռյակի ներկայացուցիչների հայտարարություններից, թեև այս հայտարարությունում մի փոքր տարբերություն կա, սակայն դա բավարար չէ և անզեն աչքով տեսանելի չէ:
«Միջազգային հանրության պարագայում մենք ակնկալում ենք ավելին: Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները շատ լավ գիտեն` ով ով է: Շատ լավ գիտեն, որ Ալիևն ընկել է ցայտնոտի մեջ և փորձում է նման վարքականոնային շեղումներով իբրև թե վերադարձնել իր դիրքերը բանակցային գործընթացում`ցուցադրելով ուժ, որը ուժ չէ, այլ ավելի շատ «ղզիկություն» է»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ միջազգային հանրությունը իրողությունները հստակ պետք է բերի ավելի խիստ դատապարտումների` Ադրբեջանի սադրիչ ռազմատենչ գործողությունների նկատմամբ, և նկատեց, որ թեև Եվրոպական խորհրդարանը, ԱՄՆ-ի Սենատը պարբերաբար անդրադառնում են Ադրբեջանին, սակայն դա անում են մարդու իրավունքների տեսանկյունից:
Ինչ վերաբերում է մեր կողմից Ադրբեջանին համարժեք պատասխան տալուն, ապա նա ասաց, որ երկրի ղեկավարի` գերագույն հրամանատարի և պաշտպանության նախարարի կողմից եղել են համապարփակ քաղաքական, մասնագիտական անդրադարձներ այդ խնդրին: «Մեր տեսակետները հնչեցվել են, և դրանք կյանքի են կոչվելու և ինչպես ասել է Նախագահը, տաք գլուխները մտածելու տեղ ունեն այս պարագայում»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանը նշեց, որ ցավ է ապրում ամեն մի զինվորի մահվան կապակցությամբ սահմանային լարվածության հետևանքով: «Ցավոք զոհերը դառնում են պարբերաբար, անխուսափելի և սա, իհարկե, բարոյական մեծ ծանրություն է: Մենք հասարակություն ենք, ժողովուրդ ենք, որ իր գոյատևման համար տվել է զոհեր և գոյատևում է հենց նախևառաջ այդ նահատակների անձնուրացության և խիզախության շնորհիվ: Կարծում եմ, որ ապագայում մենք ավելի բարձր պաշտպանունակություն կդրսևորենք` ինչպես ասվեց ղեկավարության կողմից նաև կանխարգելիչ գործողությունների արդյունքում»,- ասաց նա:










