Զինված ուժերում բժշկությունը բավականին բարձր մակարդակի է. ռազմական բժիշ Արամ Ասատուրյան

21:45 • 28.01.15

Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը Tert.am-ի հետ զրույցում այսօր վստահեցրեց, որ զինված ուժերում բժշկությունը բավականին բարձր մակարդակի է, և այս 23 տարվա ընթացքում բավականին մեծ առաջընթաց է ապրել:

 

«Այսօր մեր մասնագետները բավականին պատրաստված են, բայց մենք վերապատրաստում ենք նրանց տարբեր երկրնեում, առաջատար կլինիկաներում: Աստծուն փառք, կարողանում ենք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-ասաց նա:

 

Հարցին, թե այսօր զինվորներն ունե՞ն այն պատրաստվածությունը, որ առաջնագծում հարկ եղած դեպքում կարողանան առաջին բուժօգնություն ցուցաբերել, Արամ Ասատուրյանը պատասխանեց. «Մարտական պատրաստության պլանի համաձայն՝ մեր բոլոր ժամկետայինները անցնում են ռազմաբժշկության դասընթացներ, բարձր մակարդակի են պարապմունքները, գործնական ու տեսական գիտելիքներ բոլորն էլ ունեն: Առաջին բուժօգնության հիմունքներին բոլորը տիրապետում են և պատրաստ են հետագա քաղաքացիական կյանքում կիրառել իրենց ձեռք բերած գիտելիքները, որոնք ծառայության ընթացքում ձեռք են բերել»: