Շարքային Հովհաննես Ավանեսյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ. Արամ Ասատուրյան
Տավուշի մարզի Բերդի շրջանում հակառակորդի հարձակման ժամանակ վիրավորված շարքային Հովհաննես Ավանեսյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Հաշվի առնելով ստացած վիրավորումը և կրած վիրահատության ծավալը՝ հիմա ամեն ինչ անում ենք իրավիճակը կայունացնելու համար, պատարստ ենք նաև ողնաշարի վիրահատության»,-ասաց նա։
Նա հիշեցրեց, որ վիրավորումը հրազենային արկից է. «Անկայուն վիճակում է, մենք հնարավոր բարդություն կարող ենք ունենալ՝ հետվնասվածքային և հետվիրահատական, շատ ուշադիր ենք, որ այդ բարդությունները չզարգանան, վիճակը կայունանալուց հետո կվիրահատենք ողնաշարը»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ զինծառայող Հովհաննես Վարուժանի Ավանեսյանը վիրավորվել էր հունվարի 23-ի առավոտյան՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացրած հարձակման հետևանքով։










