ՄԻԵԴ-ը մեծագույն սխալ է կատարել` Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելով. Ամալ Քլունի

22:31 • 28.01.15

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատը, Փերինչեքի հայցը բավարարելով, մի քանի կարևոր սխալ է թույլ տվել։ Նման գնահատական է տվել Հայաստանի շահերը ներկայացնող հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին հունվարի 28-ին Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ գերագույն պալատում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումների ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Քլունին շեշտել է, որ Եվրոպական դատարանի մեծագույն սխալն է եղել Փերինչ քի գործով որոշում կայացնելով Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելը:

 

«Դատարանը, թեև ինքն էլ ընդունել է, որ այս գործի շրջանակում բոլորովին չի պահանջվում որոշել՝ արդյոք 1915թ. կատարվածը ցեղասպանություն էր, թե ոչ, այնուամենայնիվ, այդ որոշումը կայացրել է առանց որևէ փորձաքննության, փաստերի, առկա փաստաթղթերի ուսումնասիրության և վկաների հարցաքննության, նույնիսկ, առանց հայկական կողմի ներգրավվման։ Դրա փոխարեն դատարանն ուղղակի որոշել է, որ ցեղասպանությունը չի ապացուցվել կամ, նույնիսկ, որ այն ապացուցելի չէ»,- ասել է Ամալ Քլունին։

 

Նա շեշտել է, որ ոչ ՄԻԵԴ-ն է այն հարթակը, ոչ էլ Փերինչեքի գործը, որի շրջանակում որոշվի պետության պատասխանատվությունը ցեղասպանության հանցանքի մեջ: Սակայն, ըստ նրա, եթե անգամ ՄԻԵԴ-ի իրավասությունների մեջ լիներ այդ հարցը, ապա եղած վկայություններն ու ապացույցները բավարար են այդ իրադարձությունները Ցեղասպանություն անվանելու համար: