Հայոց բանակը պատվով դուրս կգա վերջին շրջանում էապես աճած լարվածության իրավիճակից. ՀԱԿ
Հայաստանի բանակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է բանակի ողջ անձնակազմին, զինվորներին, սպաներին, ազատամարտիկներին, նախկին զինծառայողներին, ողջ ժողովրդին։
Այս կապակցությամբ տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Հայոց բանակի ծնունդն ու կայացումը տեղի ունեցավ պատմական ու քաղաքական բարդագույն ժամանակաշրջանում։ Զինված ուժերի կազմավորման առաջին սաղմերը գցվեցին դեռևս 1989-90 թվականներին, երբ սկսեցին կազմավորվել առաջին կամավորական ինքնապաշտպանական ջոկատները: 1992 թվականի հունվարի 28-ի «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ Բանակի կազմավորմանը տրվեց պետա-իրավական բովանդակություն:
Ի տարբերություն այլ երկրների, պատերազմական պայմաններում հայտնված Հայաստանում զինված ուժերի ստեղծման գործընթացի հաջողությունը հնարավոր էր ջանքերի առավելագույն լարման և ողջախոհ ու սթափ քաղաքական ղեկավարման համադրման պարագայում: Հայոց բանակը կայացավ և արձանագրեց Հայոց պատմության մեջ արդեն ոսկե տառերով գրված հաղթանակներից մեկը՝ Արցախի ազատագրումը: Այն հնարավոր դարձավ ճշգրիտ արտաքին քաղաքականության, ճկուն դիվանագիտության, հասուն ու գրագետ զինվորականության մեկտեղման շնորհիվ: Դա հնարավոր եղավ նաև իշխանության նկատմամբ վստահության, օբյեկտիվ դժվարությունների հաղթահարելու համաժողովրդական կամքի և բանակի նկատմամբ համընդհանուր գորովանքի պայմաններում:
Հայ ազգային կոնգրեսի համար ներքաղաքական հարցերում ՀՀ Զինված ուժերի համար սահմանադրորեն ամրագրված չեզոքությունը շարունակում է մնալ որպես քաղաքական առաջնահերթություն, բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի և մարտունակության ապահովման նախապայման։
Կոնգրեսը վստահ է, որ ՀՀ զինված ուժերը պատվով դուրս կգան նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին էապես աճած լարվածության իրավիճակից՝ ի չիք դարձնելով հակառակորդի բոլոր սադրանքներն ու մտադրությունները»։










