Բանակի օրվա առթիվ ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն (լուսանկարներ)

15:07 • 28.01.15

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով` ծառայության ընթացքում ցուցաբերած մարտական բարձր պատրաստվածության և ակնառու ձեռքբերումների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով:  ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը:


Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։


Հաղորագրության մեջ ասվում է, որ ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ և նրանց ներկայությամբ Բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձը հղել մեր հայրենակիցներին:


Պարգևատրվածներին ուղղված իր շնորհավորական խոսքում նախագահը մասնավորապես ասել է.


«Հարգելի՛ պարգևատրվածներ,


Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու և հայկական բանակի օրվա կապակցությամբ:

Մենք հպարտանում ենք ձեզնով: Շնորհակալություն ենք հայտնում ձեզ ձեր մեծ նվիրումի և հայրենանվեր ծառայության համար:

Այսօր պարգևներ ենք հանձնում, ցավոք, նաև հետմահու: Փա՛ռք նրանց հիշատակին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ մեր բոլոր ընկած տղաների համար մենք պատասխան ենք ապահովելու:

Հայոց բանակի օրը մենք կրկին ու կրկին բարձրաձայնում ենք զինված ուժերի իրականացրած առաքելության կարևորության մասին, դրա նշանակության և բարդության մասին: Բայց նաև խոսում ենք մեր զինվորականների անձնվիրության ու հերոսականության մասին:
Եվ ինչպես արդեն ավանդական է դարձել, Բանակի օրվա առթիվ իմ շնորհավորական ուղերձը ես հնչեցնում եմ այնպիսի արժանավորների առջև, ինչպիսիք այսօր ներկա են այս դահլիճում: Թույլ տվեք այսօր ևս նույնկերպ վարվել»: