Վրաստանի քաղաքացուն Մինսկում ազատազրկման են դատապարտել՝ ինքնաթիռ առևանգելու փորձի համար

09:13 • 29.01.15

Բելառուսում ինքնաթիռ առևանգելու փորձի համար Վրաստանի քաղաքացին 3 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել:

 

Ինչպես տեղեկացնում է kommersant.ru-ն, նման վճիռ հունվարի 28-ին կայացրել է Մինսկի դատարանը:

 

«Բելավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը 2014-ի հունիսի 10-ին իրականացնելիս է եղել Քութաիսի-Մինսկ չվերթը: Ուղևորներից մեկը, հարբած վիճակում, ինքնաթիռի անձնակազմից պահանջել է խախտել թռիչքի պլանն ու ուղղվել եվրոպական մի երկիր՝ հակառակ դեպքում սպառնալով բռնություն կիրառել:

 

Իր մտադրությունները նա հայտնել է թղթիկի վրա գրելով ու փոխանցելով ինքնաթիռի հրամանատարին:

 

Ինքնաթիռում այդ պահին գտնվել է անձնակազմի 4 անդամ և 32 ուղևոր, այդ թվում՝ մեկ երեխա:

 

Գրությունը փոխանցած տղամարդուն Մինսկի ազգային օդանավակայանում վայրէջքից հետո ձերբակալել են Բելառուսի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները: