Բրիտանացի զինվորականները հայտնել են երկրի հարավում ՌԴ ռազմաօդային ուժերի ակտիվության մասին
Բրիտանացի զինվորականները հայտարարել են, որ չորեքշաբթի օրը Լա-Մանշ նեղուցի ափին գտնվող Բորնմուտ քաղաքից հարավ ընկած օդային հատվածում նկատվել է երկու ռուսական ռմբակոծիչ: Թագավորական ռազմաօդային ուժերը տագնապի ազդանշանով օդ են բարձրացրել երկու ռեակտիվ Typhoon ինքնաթիռ, գրում է ria.ru-ն:
Բրիտանացի օդաչուները կարողացել են 300 մետրով մոտեցնել իրենց ինքնաթիռները ենթադրյալ ռուսական ինքնաթիռներին և ազդանշան տալ ռուս օդաչուներին:
«Այս դեպքը շատ անսովոր է: Սովորաբար ռուսական «Արջերը» (ՆԱՏՕ-ում այսպես են անվանում ՏՈւ-95 ռազմավարական ռմբակոծիչները) մոտենում են Նորվեգիայի և Հյուսիսային ծովի կողմից: Այս անգամ նրանք կարող էին ստուգել մեր արձագանքման արագությունը հարավում»,- ասել է Էլիզաբեթ Կինտանան՝ Պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի ներկայացուցիչը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, բրիտանական պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ուղեկցել են ռուսական ինքնաթիռներին՝ մինչև նրանք չեն դադարել հետաքրքրություն ներկայացնել բրիտանական օդային տարածքի համար:










