Հայաստանը լավ չի ընդունում Թուրքիայի առաջարկները. Չավուշօղլու

13:11 • 29.01.15

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքմենստան կատարած այցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին ու անդրադարձել է թուրք գործիչ Դողու Փերինչեքի դատավարությանը՝ նշելով, որ այն ոչ թե Հայոց ցեղասպանության, այլ խոսքի ազատության իրավունքին է վերաբերում, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

 

Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանն ու հայկական լոբբին 2015թ.-ին երրորդ երկրներում ավելացրել են իրենց ջանքերը և լավ չեն ընդունում Թուրքիայի՝ մինչ այժմ արած առաջարկները։ Նա ասել է նաև, որ Հայաստանը փորձում է քաղաքական ճանապարհներով արդյունքի հասնել:

 

Նախարարը դարձյալ հիշեցրել է Թուրքիայի առաջարկը՝ համատեղ հանձնաժողով ստեղծելու և գիտնականներին այդ հարցն ուսումնասիրելու հնարավորություն տալու վերաբերյալ:

 

«Մենք ասացինք, որ կընդունենք արդյունքը՝ ինչ էլ որ լինի: Անցյալ տարի մեր նախագահը մի հայտարարություն արեց: Բարի նպատակներով մեր արած քայլերը ողջ աշխարհը տեսավ: Մենք այս հարցին մարդկային տեսանկյունից ենք նայում, և նման ողբերգության քաղաքականացմանը դեմ ենք»,-ասել է Չավուշօղլուն, նշելով, որ իրենք էլ ստիպված են լինում «կանխարգելիչ քայլեր» անել:

 

Չավուշօղլուն նշել է, որ արտգործնախարարությունն ու այլ նախարարություններ համատեղ դիվանագիտական ու մշակութային աշխատանքներ են իրականացնում:

 

Հունվարի 28-ին Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացել է Դողու Փերինչեք-Շվեյցարիա դատավարությունը, որի հիմքում Հայոց ցեղասպանությունն է և որին որպես կողմ մասնակցում են նաև Հայաստանն ու Թուրքիան:

 

Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:


2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերինչեքի հայցը:

Շվեյցարիայի կառավարությունը մարտի 17-ին հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով: