Ապրիլի 24-ին Հայաստան եկող «Դուրդե» կազմակերպության մեջ ընդգրկված են Ցեղասպանությունն ընդունող թուրք գործիչներ
Մի շարք հասարակական կազմակերպություններից բաղկացած թուրքական «Դուրդե» կազմակերպության անդամները հայտնի են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իրենց սկզբունքային դիրքորոշումներով, և երեկ էլ Փերինչեքի դատավարության ժամանակ քննադատում էին նրան:
Tert.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ մանրամասնելով, որ կազմակերպության անդամները հալածվում են Թուրքիայի իշխանությունների կողմից ու նրանց չեն սիրում ընդդիմադիրները:
«Բավականին լավ կազմակերպություն է ու շատ համարձակ, Հայոց ցեղասպանության հարցում էլ վերին աստիճանի հետևողական: Նրանց շարքերում է օրինակ՝ հայտնի Զարաքօլուն և բոլոր այն թուրք մտավորականները, ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը»,- մանրամասնեց թուրքագետը:
Այսինքն՝ ըստ Հակոբ Չաքրյանի, այստեղ որևէ կեղծ թուրք ցավակցողների մասին խոսք չի կարող լինել:
Հիշեցենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ապրիլի 24-ին «Դուրդե» կազմակերպության մեջ ընդգրկված մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Ստամբուլից չարթերային թռիչքով ժամանելու են Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նշվում էր, որ «Դուրդեն» Գեզի այգու շարժման կազմակերպիչներից մեկն է:
Հակոբ Չաքրյանը պարզաբանեց, որ «Դուրդե» հապավումը բառացի նշանակում է՝ ո՛չ ռասիզմին և էթնիկ ատելությանը:










