Նիսում ոստիկանությունը հարցաքննել է 8-ամյա երեխայի՝ ահաբեկչության հետ կապ ունենալու կասկածանքով

10:12 • 29.01.15

Նիսի ոստիկանությունը հարցաքննել է 8-ամյա երեխայի, ով կասկածվում է իսլամական ահաբկչությանն աջակցելու համար։ Տղան բարձրաձայն հայտարարել է դպրոցում, որ աջակցում է հունվարի 7-ին Փարիզում Charlie Hebdo թերթի խմբագրության վրա հարձակվածներին, գրում է Лента-ն։


Դպրոցականը հրաժարվել է մասնակցել զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուն։ Նա նաև խոստովանել է, որ համերաշխ է ահաբեկիչների հետ։ Ուսումնական հաստատության ղեկավարությունն այդ մասին հայտնել է ոստիկանությանը։


Իրավապահ մարմինների ներկայացուցիչը նշել է, որ երեխային և նրա հորը հարցաքննել են՝ պարզելու համար տղայի ծայրահեղական հայացքների աղբյուրը։ Ոստիկանի խոսքով՝ դպրոցականը պատասխանել է, որ չգիտի, թե ինչ է ահաբեկչությունը։ «Երեխան գրեթե չի հասկանում՝ ինչ է խոսում»,- նշել է ոստիկանը։


Հիշեցնենք, որ հունվարի 7-ին 3 հանցագործ ներխուժել էր խմբագրություն և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա: Հարձակումն իրականացնողներին հաջողվել է փախուստի դիմել դեպքի վայրից:  Հարձակման ընթացքում զոհվել է 12 մարդ: