Հրապարակվել է Human Rights Watch-ի ամենամյա զեկույցը
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ամենամյա զեկույցը, որտեղ քննադատել է Հայաստանին՝ մարդու իրավունքների խախտումների համար:
Կազմակերպության ամենամյա զեկույցում նշվում է, որ 2014 թվականին ՀՀ իշխանությունները շարունակել են միջամտել խաղաղ ցույցերին: Մասնավորապես նշվում է, որ ոստիկանությունը, համաձայն մարդու իրավունքների հարցերով զբաղվող խմբերի, 2014 թվականի առաջին կեսին խաղաղ ցույցերի ընթացքում առնվազն 70 ակտիվիստ է ձերբակալել:
Երևանի մետրոպոլիտենի երեք աշխատակից հեռացվել է աշխատանքից կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերին մասնակցելուց հետո: Կազմակերպությունը նաև հիշատակում է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և նրա 13 աջակիցների ձերբակալությունը, ինչը հայ իրավապաշտպանների կարծիքով՝ ունի քաղաքական դրդապատճառներ:
Կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը շարունակում են խնդիր մնալ, և հետաքննություններն անգամ, երբ սկսվում են, արդյունավետ չեն: Լրագրողները շարունակել են բախվել ճնշման և բռնության:
Ինչպես նշում է կազմակերպությունը, չնայած պարտադիր զինվորական ծառայության հետ կապված այլընտրանքային ծառայության փոփոխությունները գովասանքի են արժանացել, բանակում շարունակվում են լուրջ չարաշահումները:
Լուրջ խնդիր է մնում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա բռնությունն ու խտրականությունը: Կառավարությունը դեռ պետք է վերացնի անբուժելի հիվանդ մարդկանց համար ցավազրկող դեղերի հասանելիության անհարկի սահմանափակումները:










