Ապրիլին Վարդան Պետրոսյանն ազատ կարձակվի. Նիկոլայ Բաղդասարյան

19:47 • 29.01.15

Կա օրենք, օրենքով սահմանված է, որ բոլոր նրանք, ովքեր դատապարտվում են անզգույշ արարքների համար, պատիժը կրում են բացառապես բաց ռեժիմով: Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

 

«Թեև տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, թե պատրաստվում են բողոքարկել վճիռը, բայց Բալոյանից բացի պետք է լինի տուժողների կամքը: Խնդիրներ կան, և կարծում եմ, որ  տուժողները կարող են վերանայել իրենց մոտեցումները: Աղջիկն իրոք բուժման կարիք ունի, և չեմ կարծում,  թե իրենք իրենց բուժումը կփոխարինեն Վարդանի՝ կալանքի մեջ մնալով»,-կարծիք հայտնեց Բաղդասարյանը:

Վերջինս ասաց նաև, որ Վարդանն արդեն հայտարարել է, թե կալանավայրից դուրս գալուն պես ինքը կձեռնարկի բոլոր միջոցները աղջկա բուժման համար:


Ինչ վերաբերում է  հրապարակված դատավճռին՝պաշտպանն ասաց, թե  այդպիսով դատավորն իրավիճակային լուծում տվեց. «Ապրիլին ինքն ազատ կարձակվի, որովհետև 1/3-ը լրանում է այն պահին, երբ ուժի մեջ  կմտնի դատական ակտը»:

 

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ արդեն իսկ իրենք դիմել են ՀՔԾ՝ այս գործով քննիչների գործողությունների դեմ, և ցանկանում են ապացուցել, որ քրեական գործին կցված որոշ ապացույցներ ձեռք են բերվել օրենքի խախտումով:


Նշենք նաև, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով տուժողների ներկայացրած քաղաքացիական հայցը, որով վերջիններս Վարդան Պետրոսյանից պահանջում էին 12 մլն դրամ՝ որպես կրած վնասի փոխհատուցում, դատավորը թողեց առանց քննության: