Ակցիայի մասնակիցները որոշեցին երթով վերադառնալ Կառավարության շենքի մոտ ու այնտեղ ևս ներկայացնել իրենց պահանջը (ուղիղ)
16։07
Ակցիայի մասնակիցները մինչև վաղը ժամը 11-ը ժամանակ տվեցին իշխանությանը՝ պատասխանել իրենց, այլապես 10 օրով կփակեն իրենց խանութները և չեն վճարի հարկեր:
ՓՄՁ ներկայացուցիչները խոստացան վաղը նշված ժամին կլինեն Կառավարության շենքի առջև:
«Եթե օրենքը փետրվարի 1-ից ուժի մեջ մտնի, ուրեմն մենք դիմումներ կգրենք ու կկասեցնենք անհատ ձեռներեցի մեր գործունեությունը։ Կփակենք մեր խանութները 10 օրով, չենք վճարի հարկեր ու սոցիալական վճարներ»,- ասաց ակցիայի մասնակիցների մեկը:
Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ նախագահական գալով, իրենք ցանկանում էին իշխանության բոլոր օղակներին տեղյակ պահել խնդրի մասին, բոլորը հասկանան ստեղծված իրավիճակը և թույլ չտան, որ օրենքն ուժի մեջ մտնի:
«Այս օրենքը չի կարող բյուջե լցնել, միայն կաշառակերների գրպանները կլցնի: Խնդրում եմ չբաժանվենք իրարից, իրենք սպասում են, որ մենք պակասենք ու օգտվեն դրանից, դրա համար , խնդրում եմ բոլորին ասեք միանան մեզ, որովհետև սա Հայաստանի 99%-ի հարցն է»,- ասաց նա:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ բարձրախոսով Սերժ Սարգսյանին հորդորեց աշխատանքից հեռացնել ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին։
Ակցիայի մասնակիցները որոշեցին երթով վերադառնալ Կառավարության շենքի մոտ, այնտեղ ևս ներկայացնել պահանջը և բաժանվել՝ վաղը ժամը 11-ին կրկին հավաքվելու պայմանով:
15։39
Ակցիայի մասնակիցներից Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ ցանկանում են՝ իրենց ձայնը լսելի լինի նախագահին:
«Մենք չպետք է խախտենք ոչ մի օրենք, քաղաքակիրթ, դաստիարակված մարդիկ ենք ու այս երկրի քաղաքացիներն ենք: Կոչ եմ անում չտրվել ոչ մի սադրանքի: Մենք պահանջում ենք անձնապես կամ միջնորդավորված լսել Նախագահի արձագանքը»,- ասաց նա։
Բաղրամյան պողոտայում է նաև Երևանի ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանը: Լրագրողների հարցին, թե լարվածություն է զգացել պողոտայում այդ պատճառով է եկել, պատասխանեց, որ ինքն իր գործառույթն է իրականացնում:
«Ես եկել եմ ծառայություն ստուգելու, նայելու: Ծառայությունը շատ ճիշտ է արվում ու վերջում ես նրանց շնորհակալություն կհայտնեմ: Իրավիճակը լարված չէ, վերահսկելի է մեր ոստիկանության կողմից»,- ասաց նա:
15։12
Ոստիկանությանը ի վերջո հաջողվեց կարգուկանոն հաստատել Բաղրամյան պողոտայում: Այս պահին ակցիայի բոլոր մասնակիցները նախագահական նստավայրի դիմացի մայթին են հավաքվել: Իսկ նախագահական նստավայրի դարպասներից այն կողմ ակցիային են հետևում ՀՀ նախագահի թիկնազորի անդամները:
15։05
Այս պահին քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան և փորձում են մոտենալ նախագահական նստավայրի դարպասներին, ինչը թույլ չի տալիս ՀՀ ոստիկանությունը: Ոստիկանները պատ են կազմել և փորձում են հեռացնել քաղաքացիներին փողոցից և բոլորին դուրս բերել նախագահական նստավայրի դիմացի մայթ:
Ակցիայի մասնակիցները միաբերան վանկարկում են՝ «Կա-սե-ցում»:
15։00
Մինչ նախագահական նստավայրի մոտ հասնելը ակցիայի մասնակիցները նախ կանգ առան Ազգային ժողովի դիմաց: Մասնակիցներից Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց, որ հենց ԱԺ-ի միջոցով է ընդունվել օրենքը:
«Նորից կոչ եմ անում՝ ի լուր բոլոր պատգամավորների. մենք բոլորս հավաքվել ենք ու դա լավ օրից չէ: Հավաքվել ենք ստիպված, հավաքվել ենք պայքարելու, մեր հանապազօրյա հացը վաստակելու իրավունքի համար: Այսօր ձեզնից շատերի ընտրությամբ օրենքը ուժ է ստացել: Ձեր եղբայրները քույրերը պահանջում են ձեզնից, որ դուք արտահայտեք ձեր դիրքորոշումները, որպեսզի մեզ համար հասկանալի դառնա, ով ինչպես է մտածում, ինչքանով է շահագրգռված ժողովրդի շահերը պաշտպանելու հարցում»,- ասաց նա:
Արտակ Խաչատրյանն ընդգծեց, որ պատգամավորներից ակնկալում են շուտափույթ լուծում:
13։57
Կառավարության շենքի մոտ հավաքված ՓՄՁ ներկայացուցիչները այս պահին երթով շարժվում են դեպի նախագահական նստավայր:
Նրանց են միացել ՓՄՁ ներկայացուցիչներ Գյումրիից, Գավառից, Մարտունիից, Էջմիածնից, Հոկտեմբերյանից և Աբովյանից:
13։40
Դեռ չէր լրացել ցուցարարների՝ Կառավարությանը տված մեկ ժամ ժամանակը, երբ նրանց մոտեցավ Կառավարության դիմումների ու նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը և հայտնեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ ունենալու պատճառով նրանց չի կարող ընդունել:
Նշենք, որ Ալեքսանդր Ղազարյանը նկատեց, որ ցուցարարները երեք օր առաջ բաց էին թողել տասը հոգանոց պատվիրակությամբ հանդիպելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ այդ օրը օրենքի փոփոխությունների դեմ պայքարող առևտրականները թիկունքով կանգնեցին Կառավարության շենքին՝ նշելով, որ Կառավարությունն էլ իրենց է թիկունք արել:
Կառավարության ներկայացուցչին սուլոցներով ճանապարհ դնելուց հետո, ներկաները նշեցին, որ սա սպիտակ եղեռն է:
Առևտրական Արտակ Խաչատրյանը հայտարարեց, որ Գյումրիի տոնավաճառների աշխատակիցներին, որոնք պետք է միանային իրենց, չի հաջողվել հասնել մայրաքաղաք՝ ավտոտեսուչների հարուցած խոչընդոտների պատճառով:
13։03
Եթե կառավարությունը մեկ ժամվա ընթացքում չպատասխանի իրենց 3 ամսվա ընթացքում գրված նամակներին, և չասի, թե ինչ լուծում է տեսնում, ապա մեկ ժամից առևտրականները կշարժվեն Բաղրամյան 26:
Սա հստակեցվեց հընթացս, քանի որ մինչ այդ ասվել էր, որ «կդիմենք ուրիշ քայլերի»:
Մինչև կսպասեին, ինքնաբուխ ելույթները շարունակվեցին և առևտրականներից մեկը հայտարարեց, որ սրանով Կառավարությունը ցույց է տալիս իր իմպոտենցիան: Նա, իհարկե, նշեց, որ սա չպետք է հասկանալ բառացի, ասելով, որ չանձնավորեն, իրենք ոչ մեկին չեն ուզում վիրավորել:
Մեկ այլ տղամարդ ներկայացնելով որոշ վիճակագրություն՝ ասաց, որ այսօր Հայաստանում կա 70 հազար անհատ ձեռնարկատեր՝ գրանցված կամ չգրանցված, և այս փոփոխություններով Կառավարությունը 700 հազար շնչի զրկում է հացից:
Եթե, այնուամենայնիվ, որոշեն, որ գնալու են Բաղրամյան 26, զգուշացվեց, որ գնալու են «կուլտուրական»՝ «կուլտուրական երթով»:
Նշենք, որ այս ընթացքում առևտրականները սուլոցներով դիմավորում են կառավարության շենք ելումուտ անող տարբեր պաշտոնյաների:
12։43
Եթե այսպես շարունակվի, փետրվարի 1-ից ոչ մեկս հարկ չի վճարելու, ոչ մեկս չի աշխատելու, լինելու է համահայկական գործադուլ: Այս մասին հայտարարեց բողոքի ակցիան կազմակերպող տղամարդը, ով հայտարարել էր, որ Կառավարության ընդունարանից իրեն ասել են, որ չկա «կոմպետենտ մարդ, ով վերևներին կտեղեկացնի , թե ինչ է կատարվում ներքևում»:
«Կա-սե-ցում» վանկարկումները ժամանակ առ ժամանակ ընդմիջվում են հայտնի «պայքար, պայքար մինչև վերջ»-ով։
Նախքան այդ, ակցիայի մասնակիցները իրենց հետագա քայլերը որոշելուց հետո, անցել էին ելույթներին:
Նախ, տոնավաճառի առևտրականները շնորհավորեցին բոլորին՝ Հայկական բանակի օրվա կապակցությամբ, որը ընդունվեց ծափահարություններով:
Հանրահավաքի կազմակերպիչներից մեկը ով հայտարարեց, որ այսօր առևտրականները ավելի շատ են, քան 3-4 օր առաջ, նշեց, որ մարդիկ են միանալու նաև մարզերից:
Բրաձրախոսով տղամարդը նշեց, որ այս անգամ չպետք է անցնել կոռեկտության սահմանը՝ նկատելով, որ առևտրականները խուժան չեն: Նա, ըստ ամենայնի, նկատի ուներ նախորդ անգամ Ֆինանսներին փոխնախարար Արմեն Ալավերդյանի նկատամամբ իրականացված «պո՜ւ» ակցիան:
«Ոչ թե մեզ էին տվել 3 ամիս ժամանակ, որ փաստաթղերը կարգի բերեինք, այլ մենք էինք 3 ամիս տվել Կառավարությանը, որ խոշոր բիզնեսին բերեին հարկային դաշտ, որ պահանջեին, որ իրենք էլ մեզ տրամադրեին այդ փաստաթղթերը: Չե՛նք դադարեցնելու մեր պայքարը: Մեզ պետք չէ հարկերից ազատել, դիտել որպես ոչ հարկատու, պարտավոր ենք հարկ մուծել, մենք էս երկրում ենք ապրելու, աշխատելու, մեր Կառավարությունը պարտավոր է մեզ համար ստեղծել բարեկեցիկ պայմաններ»,- հայտարարեց առևտրականը:
«Շրջանառության հարկի մասին օրենքի» փոփոխությունների դեմ բողոքող առևտրականները այսօր կրկին բողոքի ակցիա են անում Կառավարության վարչական շենքի մոտ։
«Հարցնում են՝ առևտուրը կանգնա՞ծ է, ես ասում եմ՝ առևտուրը պառկած է»,- բողոքում է տոնավաճառներից մեկի առևտրականը:
Նրա կողքին կանգնած տղամարդը լրացրեց.«Մարդիկ ուզում են, որ մեր շորերն էլ հանենք, գնա՞նք, չլո՞ւտ: Պետությանը հարկ են վճարում, արենդատորին, բազմապիսի հարկ ենք վճարում»:
Հիշեցնենք, որ ըստ այդ փոփոխությունների՝ շրջանառության հարկը 3,5%-ից կնվազի մինչև 1%: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:
Հիշեցնենք նաև, որ նախորդ բողոքի ակցիայի ժամանակ առևտրականները չցանկացան հանդիպել Կառավարության ներկայացուցչին և ի նշան բողոքի՝ մեջքով կանգնեցին Կառավարությանը։
Առևտրականները նշում են, որ այլընտրանքային լուծումը կլինի այն, ինչ առաջարկել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների ընկերակցությունը:
Ուղիղ եթերը՝ «Ազատություն TV»-ի










