Ֆրանիսական «Ռիշել» ընկերությունը կընդլայնի ՀՀ–ում ջերմոցաշինության իր գործունեությունը

13:29 • 29.01.15

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Ռիշել» ընկերության  նախագահ Քրիստիան Ռիշելի գլխավորած պատվիրակությանը:  Այս մասին տեղեկացնում է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունը։

 

Հանդիպման նպատակն էր քննարկել մեր երկրում ջերմոցաշինության զարգացման  հեռանկարները, ֆրանսիական փորձի կիրառումն ու ջերմոցային տնտեսությունների արտադրական հզորության ավելացման հնարավորությունները: 


«Հայաստանում գյուղատնտեսությունը հռչակված է գերակա ոլորտ, և վերջին տարիներին կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում այս բնագավառի զարգացմանը, որում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ջերմոցաշինությունը: Հաշվի առնելով, որ Հայաստանի բնակլիմայական պայմանները խիստ նպաստավոր են ջերմոցային տնտեսությունների զարգացման համար` համոզված եմ, որ ձեր ընկերության շնորհիվ այս ոլորտում կարելի է հասնել նոր հաջողությունների», -  ողջունելով հյուրերին` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:


Նախարարը նաև հավելել է, որ ջերմոցային տնտեսությունների զարգացումն իր հերթին զգալիորեն կխթանի գյուղմթերքի արտադրության, ինչպես նաև արտահանման ծավալների ավելացմանը: Նախարար Սերգո Կարապետյանի խոսքով` այս հարցը չափազանց կարևոր ու արդիական է դարձել հատկապես Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, որն իրատեսական հնարավորություններ է ընձեռում երաշխավորված արտահանումներ կազմակերպելու տեսանկյունից:


Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարն առաջարկել է ուսումնասիրել նաև Հայաստանում ջերմատների կառուցման համար պահանջվող սարքավորումների և անհրաժեշտ պարագաների արտադրությունը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը, որը թույլ կտա իջեցնել թողարկվող արտադրանքի ինքնարժեքը:


Ի պատասխան առաջարկին` Քրիստիան Ռիշելն ընդգծել է, որ «Ռիշել» ընկերությունը շահագրգռված է Հայաստանում ընդլայնել իր գործունեությունը և առաջիկայում ավելի մանրամասն ուսումնասիրություններ կիրականացվեն  այդ առաջարկի իրագործման նպատակով:  Ընկերությունն արդեն իսկ Հայաստանում  շահագործման է  հանձնել մոտ 20 հեկտար  ջերմոցային տնտեսություն: