Թուրքիան է մեղավոր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քաղաքականացվել է. Ռ. Սաֆրաստյան

20:30 • 29.01.15

Առաջին հերթին՝ Թուրքիան է մեղավոր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քաղաքականացվել է: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց  ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ արձագանքելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանն ու հայկական լոբբին 2015թ.-ին երրորդ երկրներում ավելացրել են իրենց ջանքերը և լավ չեն ընդունում Թուրքիայի՝ մինչ այժմ արած առաջարկները։

 


«Եթե Թուրքիան ժամանակին ճանաչեր և դատապարտեր Հայոց ցեղասպանությունը, այդ հարցը չէր քաղաքականացվի: Եվ քանի որ մինչև հիմա նա այդ քայլը չի արել, հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը և ամբողջ աշխարհի հայերը պայքարում են Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցում ստանալու համար: Այնպես որ՝ հենց Թուրքիայի մեղքն է, որ հարցը քաղաքականացվել է»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:


Թուրքագետն ասաց նաև, թե մինչև այս պահը Թուրքիայի ոչ մի ղեկավար չի արել այնպիսի առաջարկ, որն ընդունելի լիներ հայ ժողովրդի համար, որովհետև Թուրքիայի ոչ մի ղեկավար ո´չ միայն չի դատապարտել, այլև՝ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

«Ամեն կերպ փորձելու են խեղաթյուրել  և մոռացության  տալ այդ հանցագործությունը»,-եզրափակեց Սաֆրաստյանը: